Search
Close this search box.

Ձայնը տաք տեղից է գալիս. Նա խոստանում է անդուլ աշխատանք

Սիսիանի վերընտրված քաղաքապետ Արթուր Սարգսյանը ՏԻՄ ձևավորման օրվա կապակցությամաբ ուղերձ է հղել, որում մասնավորապես նշել է. «Հարգելի ՏԻՄ ներկայացուցիչներ, բոլորիս մոտ պետք է գերակայի այն սկզբունքը, որ մեր աշխատանքի արդյունավետության գլխավոր գրավականը հանրության ակտիվ մասնակցությունն է որուշումների կայացման և իրականացման գործընթացում: Հարգելի՛ ավագանիներ, համայնքային ծառայողներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, ես համոզված եմ, որ մեր պատասխանատու և անդուլ աշխատանքի շնորհիվ  օրըստօրե մեծանալու է քաղաքացիների հավատը տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ…»:

Այստեղ են ասել՝ իյա՜, իրոք: Ընդամենը մի քանի օր առաջ նաև Սիսիանում կայացան ՏԻՄ ընտրություններ: Դեռ թղթի վրա արձանագրությունների թանաքը չչորացած, Սիսիանի քաղաքապետը խոսում է ՏԻՄ մարմինների նկատմամբ քաղաքացիների հավատից: Սա այն դեպքում, երբ  «հավատի» այդ ընտրապայքարում՝ Արթուր Սարգսյանը մնացել էր միայնակ, իսկ նրա մրցակից ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանը վերջին պահին ինքնաբացարկ հայտնեց: Իսկ մինչ  հավատի այդ ստուգատեսը, ըստ մամուլի հրապարակումների՝ Սիսիանի քաղաքապետ և համայնքապետի թեկնածու Արթուր Սարգսյանը սպառնացել էր պատժել միավորվող համայնքների ղեկավարներին՝ այն դեպքում, եթե իր մրցակցի քարոզարշավին համայնքներում մարդ հավաքվի: Իհարկե, նա չհասցրեց դիմել այդ գործողությունների, քանի որ շաբաթն ուրբաթից շուտ եկավ և գործող քաղաքապետը դարձավ միակ թեկնածուն: Ահա, այսպես, գործադրած նախընտրական անդուլ աշխատանքով նա վերընտրվեց քաղաքապետ՝ ստանալով ավելի քան 10 հազար ձայն:

Իսկ, ընդհանրապես, ArmLife-ի մեր աղբյուրները փոխանցում են, որ հատկապես Սիսիանում՝ հաղթանակի մոտ կանգնած թեկնածուի նկատմամբ (սովորաբար նա լինում է իշխող վարչակազմից),  հավատն անհավանական մեծ ուժով ծնվում է ընտրություններից առաջ և կրկնակի թափով գահավիժում՝ ընտրություններից շատ չանցած: Բացառությամբ՝ քաղաքապետարանում: Այստեղ, ասում են՝ յուրօրինակ հավատի ներդաշնակ մթնոլորտ է՝ առ քաղաքապետ,  և բոլորը դեռ էն գլխից են ոգևորված եղել Արթուր Սարգսյանի անդուլ աշխատանքից:

ArmLife.am