Search
Close this search box.

Վանաձորի ավագանու գումարած նիստերը եղել են հակասահմանադրական

Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց  «Լուսավոր Հայաստանի» դիմումի վերաբերյալ իր որոշումը. Վանաձորի ավագանու գումարած նիստերը հակասահմանադրական են. ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է։ Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են»,-նշեց ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Վանաձորում նախորդ տարի կայացած ՏԻՄ ընտրություններից հետո՝ ավագանու «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտում են նիստերը, իսկ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը շարունակում է նիստեր գումարել, որոշումներ ընդունել:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Արտակ Զեյնալյանը, ՍԴ որոշման հրապարակումից հետո՝ ընդգծեցին, որ իրենց պահանջն ամբողջությամբ բավարարված է. «ՍԴ-ն այդ նորմը հակասահմանադրական ճանաչեց ու դրա հիման վրա կայացված նիստերի որոշումները ևս իրավական ուժ չեն ունենա»,- նշեց Ա. Զեյնալյանը:

«ՍԴ-ն ասաց՝ այն նորմով, որ մինչև հիմա նիստեր եք գումարել, իբր, քվորում ապահովել, հակասահմանադրական է, հետևաբար բոլոր գումարված նիստերը, որ չեն ունեցել քվորում, հակասահմանադրական են, ու, ըստ էության, ավագանին պետք է լուծարվի»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ լուծարումից հետո Վանաձորում պետք է տեղի ունենա արտահերթ ընտրություն:

ՍԴ-ի որոշումներն ուժի մեջ կմտնեն 2018 թ.-ի մարտի 31-ին։

ArmLife.am