Search
Close this search box.

Եռակողմ հայտարարությունը իրավական հետեւանք չունի․ Իրավիճակը կարող է փոխվել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը փետրվարի 5-ին կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը, կայունացումը Լեռնային Ղարաբաղում, Եվրոպայում անվտանգության հարցերը եւ այլ թեմաներ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Փետրվարի 2-ին Մոսկվայում էր ԵԱՀԿ Գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն։ Լավրովի հետ հանդիպմանը քննարկվել են նաեւ այդ հարցերը, բայց հանդիպումից հետո ճեպազրույցում խոսվել է միայն Նավալնիի հետ կապված իրավիճակի եւ ԵԱՀԿ բարեփոխման անհրաժեշտության մասին։

Դրանից մի քանի օր առաջ կայացել էր ԵԽԽՎ նստաշրջանը, որում հայ ռազմագերիների հարցը չէր մտցվել օրակարգ։ Միայն կոչ է արվել Բաքվին՝ ազատելու գերիներին։

Հայաստանն առաջին միջպետական հայցն է ներկայացրել Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ում։ «Մենք պնդում ենք, որ դատարանը հարցը տեղափոխի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի օրակարգ՝ եկել է ժամանակը, որ գերիների հարցը քննարկվի այդ հարթակում», – ընդգծել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Արցախի (Եվրոպայի խորհրդի տարածքի) դեմ ահաբեկչական պատերազմից եւ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո եվրոպական կազմակերպություններում այդպես էլ գնահատական չի հնչել տեղի ունեցածին։

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերին Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստից առաջ հայտարարություն էր արել՝ նշելով, որ Ադրբեջանը բացահայտ խախտել է իր միջազգային պարտավորությունները՝ ուժ կիրառելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ։ Նա ասել է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետեւանք է։

Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 51-րդ հոդվածը (պետության ներկայացուցչին հարկադրելը) ասում է, որ Պայմանագրով պարտավորված լինելու պետության համաձայնության արտահայտումը վերջինիս ներկայացուցչին հարկադրելու արդյունքում վերջինիս դեմ ուղղված գործողությունների կամ սպառնալիքների միջոցով, որևէ իրավական հետևանք չունի։

Հունվարի 20-ին Եվրախորհրդարանը բանաձեւեր է ընդունել, որոնցում ընդգծվում է, որ կայուն կարգավորում դեռ չի գտնվել, եւ ռեգիոնի ապագա իրավական կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում եւ նրա հիմնարար սկզբունքների հիման վրա։ Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ապահովվի հայ բնակչության, հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը, հարկադիր տեղահանվածների ու փախստականների անվտանգ վերադարձը բնակության նախկին վայրեր։

Եվրախորհրդարանի բանաձեւի 38-րդ պարագրաֆում խորհրդարանը խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը, որն էլ ավելի է խարխլում Հարավային Կովկասում փխրուն կայունությունը։

Եվրամիության խորհուրդը 2020 թվականի նոյեմբերի 19-ին ընդունել էր հայտարարություն, որում կողմերին կոչ էր արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ հրադադարի ռեժիմի ամրապնդման համար։ ԵՄ խորհրդի հայտարարությունը կողմերին կոչ է անում բանակցել, բայց Ալիեւը հայտարարել է, որ «լուծել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ նման խնդիր այլեւս չկա»։

Բրյուսելում համակերպվե՞լ են, որ Եվրոպայի խորհրդի տարածքում Ռուսաստանն ու Թուրքիան ուժով տարածքային հարցեր են լուծում՝ տորպեդահարելով Մինսկի խմբի ու այլ կառույցների աշխատանքը։ Ինչի՞ մասին է Բորելը խոսելու Լավրովի հետ։

lragir.am