Search
Close this search box.

Այսօր ապարանցի Պավլիկի ծննդյան տարեդարձն է

Պավլիկ Մանուկյանը ծնվել է 1963թ. նոյեմբերի 7-ին, ՀԽՍՀ Բուժական գյուղում, որը ներկայիս Արագածոտնի մարզում է: Հայ ռազմական, հասարակական գործիչ է, Արցախյան պատերազմի մասնակից-հրամանատար, Հիմնադիր Խորհրդարան կազմակերպության անդամ, «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ:
1985-1987 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1990 թվականին անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը, սակայն կարճ ժամանակ անց, համարելով ՀՅԴ-ն ազգակործան կառույց, հեռացել է վերջինիս շարքերից:

Արցախյան ազատամարտ

1990-1991 թթ. անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով ձերբակալվել և պահվել է Շուշիի բանտում: Սակայն, հիվանդության պատճառով ազատ է արձակվել: Ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ: 1988-1994 թթ. Պավլիկ Մանուկյանը մասնակցել է Բերդաձորի ենթաշրջանի, Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի ազատագրմանը, Կրկժանի, Մալիբելուի, Ղուշչուլարի, Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Քելբաջարի (Քարվաճառ), Օմարի լեռնանցքի, Մարտակերտի, Ասկերանի, Կուբաթլուի, Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին: Դասակի կազմում կռվել է ադրբեջանական «Դ խումբ» կոչված դիվերսիոն զորամիավորման դեմ, որի կազմում էր նաև ծայրահեղական Շամիլ Բասաևի հրամանատարությամբ գործող չեչենական գումարտակը: 1991-1992 թթ. Պավլիկ Մանուկյանը եղել է «Սեդրակ Ջալալյան» մարտական ջոկատի, 1992-1993 թթ.՝ Շուշիի առանձնակի գումարտակի դասակի հրամանատար՝ միաժամանակ լինելով նաև Մարտակերտ – Քարվաճառ (Քելբաջար) ինքնապաշտպանական շրջանի պարետը: 1993-1996 թթ. Պավլիկ Մանուկյանը եղել է Պաշտպանության բանակի հետախուզական գումարտակի հրամանատար: 1999-2000 թթ. Արմավիրի ուսումնական բրիգադի փոխհրամանատարն է եղել, 2000-2001 թթ.՝ Ստեփանակերտի հոսպիտալի պետի տեղակալը: 2002 թ. զորացրվել է պահեստազոր:

Ծննդյան տարեդարձի կապակցությամբ նրան շնորհավորել են Ժիրայր Սեֆիլյանը եւ «Սասնա Ծռերի» անդամները 

Շնորհավորանքում ասվում է.

«Սասնա Ծուռ Պավել Մանուկյանի (Ապարանցի Պավլիկ) տարեդարձն է:

Պավլիկը սերնդե-սերունդ վերածնվող նվիրյալ մարտիկն է։ Նա՝ հավերժական ֆիդային, էպոսային Սասնա Ծուռ տեսակը, միշտ կա ու կլինի։

Պավլիկի հայրենապաշտ հոգին ապրում է Հայրենիքի ցավով ու երազանքով, իսկ արծվենի հայացքը մշտարթուն հսկում է վտանգին։

Վտանգը չի կարող թաքնվել նրանից, չի կարող խաբել կամ շրջանցել նրան։ Որովհետեւ վտանգի դեմ նա կանգնած է մերկ սրտով ու մերկ սրով։

Երբ վտանգը սպառնալիք է դառնում, նա առաջին շարքում է եւ Հայրենիքի զոհասեղանին է դնում ամեն ինչ։ Անմնացորդ։ Հանուն Արցախի եւ պետականության՝ 1988-94թթ.՝ իր երիտասարդ կյանքը, իսկ 2016թ. հուլիսին՝ նաեւ իր միակ որդուն։

Դժվար է ասել, թե ի՞նչն է նրա մեջ գերակշռում՝ մարտի դաշտում հաղթանակող առյու՞ծը, թե՞ քնարական վեհությունն ու մեծահոգությունը։ Այս անմեկնելի հաշվեկշռի մեջ ներդաշնակ՝ Պավլիկը զտարյուն Հայ է եւ իրավատեր Քաղաքացի։

Ուշադի՛ր նայեք Պավլիկի աչքերի մեջ եւ կտեսնե՛ք Երկիր Նաիրին․․․

Օրհնյալ լինի ծնունդդ, նվիրյալ Սասնա Ծուռ։ Կեցցե՛ այն Հայաստանը, որ գալու է քո սիրով ու սրով»: