Search
Close this search box.

Արցախցիներին ռուսական անձնագրեր տրամադրելու հեռանկարը վտանգավոր է

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հարցազրույց է տվել aravot.am կայքին և անդրադարձել Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակին։

Բալասանյանը անդրադարձել է նաև այն հարցին, որ այսօր Արցախի փաստացի ղեկավարն ինքն է. «Ես ի պաշտոնե զբաղեցնում եմ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Իհարկե, այսօր անվտանգության խորհուրդն ունի նոր կառուցվածք, նոր կանոնակարգ, անվտանգության խորհրդի անդամների, ընդհանրապես, խորհրդի լիազորությունները մեծացել են, երևի դա են հաշվի առել: Արցախի Հանրապետության փաստացի ղեկավարը նախագահն է, այս պահի դրությամբ՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Երբ որ նոր ընտրություններ կլինեն, կլինի նոր նախագահ: Ես իմ պարտականությունները կատարում եմ իմ լիազորությունների շրջանակում:

Օրինապաշտ մարդ եմ, չեմ փորձել և չեմ փորձի իմ իրավունքներն ի պաշտոնե չարաշահել»։

Միևնույն ժամանակ, Բալասանյանը հաստատել է, որ ուժային բոլոր կառույցները գտնվելու են իր ուղիղ համակարգման դաշտում: Նա նաև չի բացառել, որ արցախցիներին կարող են ռուսական անձնագրեր բաժանել։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ արցախցիներին ռուսական անձնագրեր բաժանելու հնարավորությունը շատ վտանգավոր է. «Այդ մոտեցումը միայն մեկ բան է վկայում՝ եռակողմ հայտարարության հետևանքով Արցախը հայտնվում է մի իրավիճակում, որը շատ նման է Մերձդնեստրյան իրավիճակին։ Այլևս ռուսական խաղաղապահ ուժերի միջոցով դե ֆակտո Արցախի նկատմամբ ժամանակի ընթացքում կարող է հաստատվել ռուսական պրոտեկտորատ։ Հաշվի առնելով անվտանգային այն ռիսկերը, որում գտնվում են արցախցիները, առաջին հայացքից, իհարկե, այլ տարբերակ չկա, որպեսզի գոնե ֆիզիկական անվտանգությունը երաշխավորված լինի, բայց մյուս կողմից՝ լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը և փորձել անել ավելին, քան ռուսական կողմից է արվում՝ ուղղակի հրաժարում է այն գաղափարից, որը կոչվում է Արցախի անկախություն կամ Արցախի ու Հայաստանի վերամիավորում»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ սա շատ վտանգավոր հեռանկար է ունենալու Արցախի համար ու ավելի է խոցելու Արցախի անվտանգությունը. «Մյուս կողմից, նման գաղափարի իրականացումը արցախցիներին կդարձնի ուղղակի քաղաքական առևտրի միջոց՝ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում, որտեղ նորից վտանգվելու է Արցախի անվտանգությունը։ Իրավիճակն այնքան բարդ է, որ առաջին հերթին արցախցիների անվտանգության խնդիրները ենթադրում են որոշակի լուծումներ, բայց մյուս կողմից, ռուսական խաղաղապահների տեղակայումը, որպես ճարահատյալ քայլ, այնուամենայնիվ, միջազգային իրավական հիմնավորում չունի, որովհետև հարցը որոշված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Սա նաև զրոյացնում է Արցախի կարգավիճակի հարցը որպես օրակարգային հարց։ Սա նշանակում է, ընդհանրապես, միջազգային կառույցի շրջանակներում Արցախի կարգավիճակի խնդրի դուրսբերում օրակարգից։

Կարծում եմ, որ նման հնարավոր գործողությունները շատ կարճ ժամանակ անց կարող են բերել իրավիճակի լուրջ սրացման Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև, որից տուժելու է առաջին հերթին Արցախը։ Եթե նման քայլ կատարվի, ապա ընդհանրապես Արցախի ու արցախցիների գոյության բավականին լուրջ վտանգներ կառաջանան։ Պետք է հիմա ջանք գործադրել, որ այն, ինչ-որ դե ֆակտո կա, միջազգային ամրագրում ստանա։ Այնուամենայնիվ, նման կոնֆլիկտները չեն կարող գտնվել միջազգային իրավունքից դուրս։ Այդպես դառնում ես ոչ թե սուբյեկտ, այլ օբյեկտ։ Նման հեռանկարի դեպքում Հայաստանն առհասարակ դուրս է մնում, որովհետև Ղարաբաղի հարցով այդպիսով կզբաղվեն Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Ուստի նման դիրքորոշումը ընդհանրապես չի նպաստում Արցախի կարգավիճակին կամ արցախցիների անվտանգության երաշխավորմանը։ Դիրքորոշում պետք է ներկայացնել՝ ելնելով արցախցիների, ոչ թե Ռուսաստանի շահերից»։