Search
Close this search box.

Իսրայելը դուրս եկավ ստվերից. ով է կառավարում հայկական բանակի դեմ հարձակումները

Հանրային հեռուստատեսությամբ խոսելով Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության մատակարարման մասին, ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Իսրայելն այս օրերին էլ սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին: Նա ասաց, որ դրան պետք է գնահատական տրվի:

Իր հերթին, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Գորիսում ասուլիսի ժամանակ կրկին անդրադարձավ այդ խնդրին, ակնարկելով նաեւ, որ հայկական ուժերի դեմ կիրառվող իսրայելական անօդաչուները եւ հրթիռային համակարգերը կառավարվում են ոչ ադրբեջանցի մասնագետների կողմից:

Իսրայելի նախագահը, տարբեր պաշտոնյաներ, նաեւ հայտնի բլոգեր, Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, Հայաստանում իսրայելական կողմի փաստաբանությամբ զբաղված շրջանակները պատրաստի կլիշեներ ունեն այդ պարագայի համար՝ սա բիզնես է, ուղղված չէ երրորդ կողմի դեմ, Հայաստանը ժամանակին՝ 2015 թվականից պետք է աշխատեր այդ ուղղությամբ, եւ այլն:

Վերջին իրադարձությունները ռազմաճակատում եւ քաղաքական ճակատում ցույց են տալիս այս պնդումների անհեթեթությունը: Իսկ ԱՄՆ ֆինանսական հետախուզության փաստաթղթերի արտահոսքը հանում է բոլոր հարցերը Իսրայել-Բաքու գործարքի զուտ բիզնես լինելու առնչությամբ:

Իսրայելը շարունակում է համալրել հայ զինվորների անպատմելի հերոսությունների արդյունքում Ադրբեջանի սպառվող պաշարները, ընդ որում՝ այնպիսի զինատեսակներով, որոնք առավելություն են ապահովում մի շարք առումներով, զգալի կորուստներ պատճառելով հայ խաղաղ բնակչությանը եւ զինված ուժերին: Միայն հոկտեմբեր 1-ից Թուրքիայի եւ Վրաստանի օդային տարածքով դեպի Բաքու կատարվել է բեռնատար օդանավերի 30 թռիչք յուրաքանչյուրը 55-60 տոննա բեռով:

Ընդ որում, հուլիսյան մարտերից հետո, երբ հայկական կողմը խոցեց իսրայելական անխոցելի համարվող անօդաչուն, Իսրայելին պատկանող ռազմարդյունաբերական ընկերությունները՝ IMI Systems Ltd-ը եւ Jetfield Network-ը, որոնք մատակարարում են այդ զինատեսակները, պահանջեցին, որ Ցահալի սպաներն իրենք կառավարեն դրոնները արբանյակային կապի միջոցով: Ինչը եւ կարծես կատարվում է, դատելով նաեւ հայ պաշտոնյաների հայտարարություններից:

Հիշվում է տարիներ առաջ բռնկված սկանդալը, երբ Բաքուն իսրայելական ընկերություններից պահանջել էր անօդաչուները փորձարկել հայկական դիրքերի դեմ, մեծ գումարների դիմաց:

Սա արդեն Իսրայելի ուղիղ մասնակցություն է պատերազմին եւ պատերազմական հանցագործություններին, այսպես ասած քաղաքական մասնակցությանը զուգահեռ: Բանն այն է, որ Թուրքիայի քաղաքական նպատակներն Անդրկովկասում զգալի մասով համընկնում են Իսրայելի շահերին:
lragir.am