Search
Close this search box.

Հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, ունի 1900 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան

Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը գրեթե ողջ սահմանի երկայնքով, մասնավորապես թեժ են եղել Հյուսիսային եւ Հարավային ուղղությունները, հայկական բանակի ստորաբաժանումները վարելով թեժ մարտեր՝ արձանագրել են զգալի հաջողություններ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 29-ին, հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ընդհանուր առմամբ պատերազմը սկսվելու առաջին պահից ի վեր հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, որից 180-ը Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են բավականին համառ եւ դժվար մարտեր: Մոտավոր ունեն 1900 վիրավոր: Հայկական ստորաբաժանումները հակատանկային տարբեր միջոցներից, նաեւ ոչ հակատանկային միջոցներից խոցել են 137 տանկ եւ զրահատեխնիկա են խոցել հակառակորդի: Ոչնչացվել է ադրբեջանական 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ եւ մեկ ինքնաթիռ: Մարտերը շարունակվում են, մեր զինված ուժերը հստակ կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները, հակառակորդի բոլոր հարձակվողական գրոհները հետ են մղվում՝ համապատասխան կորուստներ պատճառելով»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց՝ այսօր աննախադեպ էր այն իմաստով, որ հարձակման ենթարկվեց ՀՀ Վարդենիսի տարածաշրջանը:

«Հարձակման ենթարկվեց հրթիռներից եւ մարտական ԱԹՍ-ներից, մենք այսօր Վարդենիսի ուղղությունից ցուցադրեցինք կադրեր` ինչպես է թիրախավորվում խաղաղ բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքները, ավտոբուս, գյուղի ջրատար եւ այլն»,-ասաց նա: