Search
Close this search box.

«Մաշադյանը կտրել ա մորս վիզը, դանակը աչքն ա մտցրել, որ հայացքը չպահպանվի…». Նոր մանրամասներ ՊԵԿ փոխնախագահի եղբոր կողմից տարեց կնոջ սպանության գործով

1in.am-ը գրում է. Գարիկ Մաշադյանին մեղադրանք է առաջադրվել «սովորական» դիտավորյալ սպանության, ինչպես նաև ապօրինի բնակարան մուտք գործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 147 հոդվածով:

Ըստ տուժող կողմի՝ գործի նախաքննության սկզբում քրեական գործը հարուցված է եղել ծանրացուցիչ հանգամանքում՝ շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք Գարիկ Մաշադյանին առաջադրված մեղադրանքին:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 20-ի սահմաններում Երևանի Վարդաշեն թաղամասում գտնվող տներից մեկում «անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 63-ամյա Ցողիկ Բ.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ Գարիկ Մաշադյանն իր մոտ եղած գաղտնի փականով դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի մարմնի տարբեր հատվածներին՝ նրան զրկելով կյանքից, ինչից հետո տուժողի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել վերջինիս բնակարան ու խախտել նրա բնակարանի անձեռնմխելիությունը»:

Ըստ մեղադրանքի՝ Գարիկ Մաշադյանն ու տուժող Ցողիկ Բ.-ն բնակվել են Վարդաշեն թաղամասում՝ շենքի հարակից մուտքերում:

2019 թվականի օգոստոսին Գարիկ Մաշադյանը, տեղյակ լինելով Ցողիկ Բ.-ի կողմից «ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսադրույքով գումար տրամադրելու», կարճ ասած՝ տոկոսով գումար տալու մասին, խնդրել է իրեն տրամադրել 300 դոլար: Ցողիկ Բ.-ն չի մերժել, բայց ասել է, թե այդ գումարը կարող է տալ միայն գրավի դիմաց: Գարիկ Մաշադյանը, ըստ մեղադրանքի, «նույն օրը հանգուցյալ հոր ոսկե խաչը փոխանցել է Ցողիկ Բ.-ին, ինչի դիմաց ամսական 10 տոկոս տոկոսադրույքով ստացել է 300 դոլարը»:

Ըստ մեղադրանքի՝ բանավոր պայմանավորվածության համաձայն՝ Ցողիկ Բ.-ն պարտավորվել է մեկ ամիս անց մայր գումարն ու տոկոսադրույքը ստանալուն պես Գարիկ Մաշադյանին վերադարձնել ոսկե խաչը: Սակայն պայմանավորված օրը՝ մեկ ամիս անց, Գարիկ Մաշադյանը, ըստ մեղադրանքի, «չի կարողացել կատարել ստանձնած պարտավորությունը և միայն պայմանավորվածության ժամկետը լրանալուց շուրջ հինգ օր անց 300 դոլարը և 30 դոլար տոկոսադրույքը վերադարձնելու, իր ոսկե խաչը հետ ստանալու նպատակով գնացել է Ցողիկ Բ.-ի բնակարան: Վերջինս հայտնել է՝ քանի որ Գարիկ Մաշադյանը խախտել է պայմանավորված ժամկետը, ինքը վաճառել է նրա կողմից գրավադրված ոսկե խաչը:

Ըստ մեղադրանքի՝ Գարիկ Մաշադյանը տեղեկացրել է, որ խաչը հանգուցյալ հոր հիշատակն է, պահանջել է այն վերադարձնել, և Ցողիկ Բ.-ն «պարտավորվել է հնարավորության սահմաններում փորձել այն հետ վերադարձնել»: Օրեր անց, ըստ մեղադրանքի, Գարիկ Մաշադյանը նույն պահանջով հանդիպել է Ցողիկ Բ.-ին, բայց վերջինս հաստատապես պնդել է, թե չի կարող վաճառված խաչը վերադարձնել…

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 20-ի սահմաններում Գարիկ Մաշադյանը «առանց իր գիտության հանգուցյալ հոր ոսկե խաչը վաճառելու հարցի կապակցությամբ պարզաբանումներ պահանջելու նպատակով» գնացել է Ցողիկ Բ.-ի տուն և «տանտիրուհու թույլտվությամբ մտել է ներս»:

Հյուրասենյակում Ցողիկ Բ.-ն «հրաժարվել է նշված հարցի վերաբերյալ պարզաբանումներ տալուց և պահանջել է, որ Գարիկ Մաշադյանը դուրս գա բնակարանից»:

Ըստ մեղադրանքի՝ « հիշյալ հանգամանքից վրդովված՝ Գարիկ Մաշադյանը ձեռքով հարվածել է Ցողիկ Բ.-ին, վերջինս սկսել է աղմկել՝ կրկին պահանջելով դուրս գալ բնակարանից, որպիսի պայմաններում Ցողիկ Բ.-ի վարքագծից վրդովված՝ նրան ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ Գարիկ Մաշադյանը աջ գոտկատեղից հանելով գաղտնի փականով դանակը՝ մի քանի անգամ հարվածել է նրա կրծքավանդակին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել տան հյուրասենյակում… Վայրկյաններ անց Ցողիկ Բ.-ն ոտքի է կանգնել ու ձեռքերը պարզած բղավելով քայլել է Գարիկ Մաշադյանի ուղղությամբ: Տեսնելով, որ Ցողիկ Բ.-ն ստացած հարվածներից չի մահացել, շարունակելով հանցավոր դիտավորությունը, Գարիկ Մաշադյանը նույն դանակով կրկին մի քանի հարված է հասցրել Ցողիկ Բ.-ի կոկորդին և դեմքի հատվածին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ վնասվածքներ… Ցողիկ Բ.-ն ընկել է հյուրասենյակի հատակին ու մահացել է, իսկ Գարիկ Մաշադյանը դիմել է փախուստի»:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Գարիկ Մաշադյանը Ցողիկ Բ.-ին կյանքից զրկելուց հետո նրա բնակարանից հեռանալով՝ առաջին հարկում նկատել է, որ մեքենայի բանալիները մոռացել է տուժողի բնակարանի սեղանի վրա: Տեսնելով, որ բնակարանի դուռը փակ է, Գարիկ Մաշադյանն իջել է բակ, նկատել է, որ տուժողի բնակարանի պատուհանը բաց է, պատուհանի տակ էլ մեքենա է կանգնած, ինչպես նաև, ըստ մեղադրանքի, «գիտակցելով, որ Ցողիկ Բ.-ի կողմից իրեն հեռանալու պահանջ ներկայացնելու պայմաններում բնակարան կրկին մուտք գործելու իրավունք չունի և գործում է… նրա (սպանված կնոջ) կամքին հակառակ, նրա բնակարանում թողած բանալիները վերցնելու նպատակով Գարիկ Մաշադյանը ոտքը դրել է առաջին հարկի պատուհանի ճաղավանդակին, ձեռքերը բարձրացնելով՝ ապօրինի մուտք է գործել նշված բնակարան, որպիսի պայմաններում խախտել է Ցողիկ Բ.-ի բնակարանի անձեռնմխելիությունը»:

Սա է Գարիկ Մաշադյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպումը: Պետք է ասել, որ սպանված կնոջ բնակարանից նաև գողություն է կատարվել, սակայն վարույթն իրականացնող մարմինը այդ մասով գործը համարել է չբացահայտված՝ այդ մասն անջատվել է առանձին վարույթում ու կասեցվել է՝ գողություն կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու պատճառաբանությամբ… Սա էլ այսպիսի լուծում…

Ըստ այս մոտեցման՝ Գարիկ Մաշադյանը նախ անձնական լարված փոխհարաբերությունների պատճառով սպանել է տուժողին, դուրս է եկել նրա բնակարանից, հիշել է, որ մեքենայի բանալիները թողել է, պատուհանից ապօրինի մուտք է գործել, վերցրել իր բանալիներն ու հեռացել է, իսկ այնուհետև այդ բնակարան է թափանցել անձը չպարզված ինչ-որ մեկը ու սպանված կնոջ առկայությամբ թալանել է բնակարանը և հեռացել է նույնքան աննկատ, որքան որ ներս էր սողոսկել…

Դատական այս նիստին դատարանը, բավարարելով տուժողի իրավահաջորդի՝ սպանված կնոջ ամուսնու դիմումը, որպես տուժողի իրավահաջորդ ներգրավեց սպանվածի դստերը՝ Գայանե Խ.-ին:

Որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ դատարանը ներգրավեց փաստաբան Վահան Հովհաննիսյանին:

Գործով մեղադրանքը պաշտպանում է դատախազ Ս. Պողոսյանը:

Հետաքրքիրն այն է, որ ամբաստանյալ Գարիկ Մաշադյանը հրաժարվեց պաշտպան, նույնիսկ հանրային պաշտպան ունենալու իրավունքից, հայտարարեց, թե ինքնուրույն կպաշտպանի իր շահերը: Դատական նիստի հետագա ընթացքը ցույց տվեց, որ Գարիկ Մաշադյանը առանձնապես չի տիրապետում իրավաբանական գիտելիքների, քանի որ բացարկների, տուժող կողմի միջնորդությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս ամբաստանյալն այնքան անհստակ պատասխաններ էր տալիս, որ նախագահողը մի քանի անգամ հարցնում էր՝ նա առարկո՞ւմ է, թե՞ կողմ է…

Գարիկ Մաշադյանը նախկինում մի քանի անգամ դատապարտվել է հափշտակությունների համար:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը միջնորդություն ներկայացրեց՝ քրեական գործը մեղադրողին վերադարձնելու վերաբերյալ:

Միջնորդության մեջ մասնավորապես ասվում էր. «Նախաքննության ընթացում պարզվել է, որ Ցողիկ Բ.-ի բնակարանում առկա են եղել առանձնապես խոշոր չափերի՝ 3 միլիոն 350 հազար ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր և 830 հազար ՀՀ դրամ գումար։

Նախաքննության ընթացքում Գ․Մաշադյանը հարցաքննվելով որպես կասկածյալ և մեղադրյալ՝ ցուցմունք է տվել, որ տուժողի բնակարանից ոսկյա զարդեր կամ գումար չի հափշտակել:

հենց նրա ծննդյան օրն էր՝ նա կդառնար 64 տարեկան, եթե դաժանաբար չսպանվեր…

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում