Search
Close this search box.

ՆԱՏՕ-ի պաշտոնյա. Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 համակարգերի գնումը հետևանք կունենա

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելն անդրադարձել է Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերի գնմանը: Ըստ թուրքական «Gazetekarınca» լրատվական կայքի՝ Պավելը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից նշյալ համակարգերի գնումը կարող է հետևանքներ առաջացնել:

«Երկրներն իհարկե ազատ են որոշում ընդունելու հարցում: Բայց նաև ազատ են այդ որոշումների առաջացրած հետևանքների հետ առերեսվելու հարցում»,- նկատել է տվել Պավելը:

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան հիշեցրել է, որ ռուսական արտադրության համակարգերը չեն ինտեգրվում դաշինքի ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգին:

Պավելն անդրադարձել է նաև այս թեմայով դաշինքի անդամ երկրների ունեցած առարկություններին. «Դաշնակիցների միջև նման խոսակցությունների ծավալումը, անհանգստությունների բարձրաձայնումը և հնարավոր բարդությունները միանգմամայն բնական են»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը:

Թուրքիան այժմ ցանկանում է նաև Ռուսաստանի հետ համատեղ  զբաղվել  S-400-ների արտադրությամբ: Այդ հարցի շուրջ կողմերը դեռևս համաձայնության չեն հասել: