Search
Close this search box.

Ես ցավում եմ ԱԱԾ-ում աշխատող ազնիվ ու հայրենասեր մարդկանց համար. Վանեցյան

«ԱԱԾ-ն պետք է լինի քաղաքականությունից դուրս։ Եթե ԱԱԾ-ն սկսեց ծառայել օրվա իշխանություններին, մենք ունենալու ենք լրջագույն խնդիրներ»,-«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը: Նրա գնահատմամբ՝ այսօր Հայաստանի Հանրապետությունը չունի ԱԱԾ տնօրեն։

ԱԱԾ տնօրենը Նիկոլ Փաշինյանն է, ինչպես նաև Ոստիկանապետն է Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև մնացած կառույցների ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը։ Նա անմիջական մասնակցում է այդ կառույցների գործերին։ Դիտարկմանը, որ ուժային կառույցները նախկինում էլ են իշխանության հսկողության ներքո եղել, Վանեցյանն արձագանքել է, որ համակարգում նախկինում էլ են եղել խնդիրներ, էլ ավելի վատ բաներ են եղել ու նաև դա է պատճառը, որ ժողովուրդը դուրս եկավ փողոց. «2018 թվականին ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը հենց դրա պատճառով դուրս եկավ փողոց և գնաց Նիկոլ Փաշինյանի հետևից։

Ի՞նչ է նշանակում՝ եղել է։ Այո, եղել է․ դրա գնահատականը մեր հասարակությունը տվել է»: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից գազալցակայանների հարցով զբաղվելու կամ բակում երեխաների կազմակերպած միջոցառումը քննելու մասին ԱԱԾ-ին տրվող անհեթեթ հանձնարարականներին՝ Արթուր Վաեցյանն ասել է.

«Իրոք շատ եմ ցավում ԱԱԾ-ի համար, շատ եմ ցավում իմ նախկին գործընկերների համար, որովհետև ճանաչում եմ գրեթե բոլորին անձամբ, գիտեմ իրենց պատկերացումները երկրի և իրենց ծառայության մասին։ ԱԱԾ-ում աշխատող մարդկանց մեծամասնությունը, հավատացեք ինձ, հայրենասեր և ազնիվ մարդիկ են։ Նրանք միշտ ծառայել են պետությանը և պետական շահը եղել է նրանց համար ամենաբարձր արժեքը։ Այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է ԱԱԾ-ն սարքել իր քաղաքական ըննդիմախոսներին լռեցնելու գործիք։ Հուսով եմ և համոզված եմ, որ դա նրան չի հաջողվելու և ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, մնացած իրավապահ համակարգի ներկայացուցիչները կփորձեն զերծ մնալ քաղաքական հետապնդումներ իրականացնելուց»:

Աղբյուր` Փաստինֆո