Search
Close this search box.

Նոր իշխանությունը նախորդի օրգանական շարունակություն. սպառնում են խլել Ծառուկյանի գույքը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հրավիրված ԲՀԿ քաղխորհրդի նիստում հայտարարեց, որ գործող իշխանությունը 100 տոկոսով ձախողվել է և այն ենթակա է փոփոխման: Իշխանությունը` ի դեմս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի, Ծառուկյանի քննադատությանը պատասխանել է նրա նկատմամբ քրեական գործեր հարուցելու սպառնալիքով: Մանե Գևորգյանը սպառնում է նաև Գագիկ Ծառուկյանի գույքը խլելով, որպես ապօրինի ձեռք բերված:

Իշխանությունը բացահայտում է իր էությունը, ցույց տալով, որ ինքը ոչնչով չի տարբերվում նախորդ իշխանությունից, և իր միակ հենարանը շանտաժն ու սպառնալիքներ են: Սա օրինաչափ է, որովհետև հանրային աջակցությունը կորցրած և պետական կառավարումը տապալած իշխանությունը չունի այլ հենարան քան շատաժն ու բռնությունն է:

Հիշողության թարմացման համար նկատենք, որ 2015թ. Գագիկ Ծառուկյանը երկրում առկա սոցիալ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար հայտարարել էր քաղաքական համախմբման գործընթաց սկսելու մասին, որին միացել էին մի քանի տասնյակ քաղաքական և հասարակական ուժեր, այդ թվում Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Ժառանգությունը:

Այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին լռեցնելու համար դիմեց շանտաժի օգնությանը` հայտարարելով, որ Ծառուկյանը բարեգործությամբ է զբաղվել պետությանը չմուծած հարկերի հաշվին և նա տեղ չունի քաղաքականության մեջ: Հետագայում, իհարկե, որևէ ապացույց այդպես էլ չներկայացվեց, բայց դա այլևս էական չէր: Ծառուկյանն ըստ էության զիջեց այդ ճնշմանը, քանի որ մի գիշերվա ընթացքում իշխանությունը կալանավորեց Ծառուկյանի հարյուրավոր կողմնակիցների, իսկ Ծառուկյանը հայտարարեց, որ չի ցանկանում թույլ տալ, որ թափվի անմեղ մարդկանց արյունը:

Հետագայում տեղեկություններ տարածվեցին, որ եղել էին սպառնալիքներ նաև Ծառուկյանի ընտանիքի անդամների հասցեին, որոնք կարող էին իրականություն դառնալ, նկատի ունենալով իշխանության հանցավոր էությունը:

Հիմա իրավիճակը ոչնչով չի տարբերվում հինգ տարի առաջ տեղի ունեցածից: Ծառուկյանը հայտարարում է, որ կառավարությունը տապալվել է բոլոր ուղղություններով՝ սկսած տնտեսականից մինչև առողջապահական և արտաքին քաղաքականություն և հասարակական քաղաքական ուժերի համախմբան կոչ է անում, երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար:

Իշխանությունը պատասխանում է քրեական գործեր սարքելու և Ծառուկյանի ունեցվածքը խլելու սպառնալիքներով: Մենք ուղղակի վստահ ենք, որ ի տարբերություն 2015թ. Ծառուկյանը այս անգամ չի ընկրկի այդ սպառնալիքների առաջ, քանի որ ի տարբերություն 2015թ. այսօր իշխանությունը այնքան թույլ է, որ նույնիսկ ֆիզիկական ուժ կիրառելու համարձակություն և ռեսուրս չունի: Մենք վստահ ենք, որ այս անգամ Ծառուկյանը մինչև վերջ կտանի քաղաքական և հասարարաական դաշտը համախմբելու և երկիրը այս վիճակից դուրս բերելու իր ծրագիրը:

ArmLife.am