Search
Close this search box.

ՊԵԿ-ում կլինեն նաեւ այլ հրաժարականներ

Պետական եկամուտների կոմիտեում Դավիթ Անանյանի հրաժարականը, 168.am-ի տեղեկություններով, միակը չէ․ «պարզապես մյուսների կապակցությամբ դեռևս հայտարարություններ և պաշտոնական հաղորդագրություններ չեն տրվել»:

Ըստ կայքի աղբյուրների՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում է տեղեկացնել, որ ՀՀ վարչապետին է ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։

Աղբյուրը հիշեցնում է, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը և Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ազգականներ են:

«Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է: Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչև վարչապետ դառնալը, երբևէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»,- մի առիթով լրատվամիջոցների հարցին ի պատասխան՝ ասել էր Ա. Հակոբյանը։

Ըստ նույն աղբյուրների՝ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Էդգար Գևորգյանը, ինչպես նաև Դ. Անանյանի խորհրդականներն ու օգնականները ևս կհեռանան ՊԵԿ-ից: