Search
Close this search box.

29-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվում է 45-ամյա տղամարդը, որը սիրահետել է երիտասարդի նշանածին

Արմավիրում 29-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվում է 45-ամյա տղամարդը, որը սիրահետել է երիտասարդի նշանածին։

Հիշեցնենք՝ երիտասարդի դին հայտնաբերվել է իր տանը. Նախնական տվյալներով 2020թ. մայիսի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, ենթադրյալ մարդասպանը մուտք է գործել Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տներից մեկը, որսորդական հրացանով կրակել նույն տան 29-ամյա բնակչի ուղղությամբ, սպանել և դիմել փախուստի: Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է 1975թ. ծնված տղամարդը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանության շարժառիթն անպատասխան սերն է եղել. կասկածյալը համակրել է երիտասարդի ընտրյալին, ում տարիներ շարունակ հետապնդել է, սակայն աղջիկը մերժել է նրան։ Վերջինս ընտրել էր 29-ամյա երիտասարդին, ում հետ պատրաստվում էր կապել իր հետագա կյանքը։
Նախքան սպանությունը՝ տղամարդը մի քանի անգամ սպառնացել է, որ կինը միայն իրենն է լինելու։ Ավելին՝ անգամ առեւանգել էր իրեն մերժող աղջկան ու դատապարտվել ազատազրկման։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տարիներ առաջ՝ տղամարդը, կանգառում որպես ուղեւոր վերցրել է իր սիրած աղջկան՝ առեւանգելու նպատակով ու անմիջապես փակել ավտոմեքենայի դռները, սակայն վերջինս դիմադրություն է ցուցաբերել, կոտրել է ապակին և բարձրաձայն օգնություն կանչել: Նրա ձայները լսել են անցորդները, միջամտել, որի արդյունքում կնոջը հաջողվել է փրկվել բռնարարի ձեռքերից ու դիմել փախուստի։ Տղամարդուն այս արարքի համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով՝ խաբեությամբ առևանգելու համար ու գործն ուղարկվել դատարան։

Մեղադրյալն իրեն մեղավոր էր ճանաչել, հայտարարել, թե ղջում է կատարվածի համար ու դատապարտվել 3 տարվա ազատազրկման։ Սակայն ինչպես երեւում է դատարանում հնչեցրած զղջման խոսքերն ընդամենը մեղմ պատիժ ստանալու նպատակ են ունեցել, քանի որ ազատ արձակվելուց հետո շարունակել է հետապնդումները։ Մեր տեղեկություններով՝ իմանալով, որ աղջիկն ունի ընտրյալ, հանդիպել է հետը ու սպառնացել, իսկ դեպքի օրն էլ արդեն կյանքի կոչել իր սպառնալիքները։

Ավելին՝ դեպքի վայրից փախուստի դիմելուց հետո գյուղի հողատարածքում նկատելով անծանոթ անձի՝ ազգությամբ եզդի, դանակով հարվածներ է հասցրել նաեւ նրան՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։

45-ամյա տղամարդը ձերբակալվել է. Նա կասկածվում է սպանության ու սպանության փորձի մեջ։