Search
Close this search box.

Կասկածներ կան, որ ԱԺ-ում կոնտակտավոր անձ կա. ինչո՞ւ են պատգամավորներին դիմակներ ու ձեռնոցներ բաժանել

Այսօր՝ մայիսի 6-ին, մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը: Նիստի մեկնարկին բոլոր պատգամավորներին հենց մուտքի մոտ ձեռնոց ու դիմակ են տվել, ինչը հարցեր է առաջացրել ԼՀԿ-ական Էդմոն Մարուքյանի մոտ:

«Ես ուզում եմ հասկանալ խստացումների պատճառը: Եթե հիվանդ մարդ կա, ասենք թող չգա, իմանանք ինչ ենք անում: Կամ բոլորս գնանք թեստ հանձնենք: Հիմա ԱԺ նախագահը որևէ միջոց չունի, մեզ պարտադրում եք, որ հագնենք: Հիմա ձեռնոց են տվել, շորերս լրիվ կեղտոտեցինք այդ ձեռնոցով: Հիմա հասկանանք, թե ինչու են այս խստացումները»,-ասաց նա:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ աշխարհում կա մի նոր համաճարակ՝ պայմանավորված կորոնավիրուսով. «Ասում են, որ ձեռնոցներն ու դիմակները կարող են որոշակի տոկոսով կանխել վարակի տարածումը: Որևէ մեկին չի պարտադրվում որևէ բան: Մուտքի մոտ պատգամավորներին առաջարկում են կրել: Կարող եք կրել, կարող եք չկրել:

Այո, կա կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է: Քանի դեռ հանգամանքները չեն պարզվել, բոլորս մի քիչ ավելի խստացված կերպով ենք ձեռնարկում կանխարգելիչ միջոցները:

Նաև ուզում եմ տեղեկացնել, որ ես վաղուց եմ ասել՝ բոլոր այն պատգամավորները, ովքեր մտահոգություններ կունենան իրենց, իրենց հարազատների առողջության մասով, կարող են նիստերին չմասնակցել, բացակայությունները հարգելի կհամարվեն:

Միևնույն ժամանակ, ԱԺ աշխատանքները չեն խոչընդոտվում արտակարգ դրության պայմաններում, կյանքը շարունակվում է, մենք չենք կարող պարալիզացնել աշխատանքները: Ամեն մեկն ինքը պետք է որոշի, ես մինչև վերջին օրը գալու եմ աշխատանքի»:

Մարուքյանն իր հերթին ասաց, որ իրենց թույլ չեն տվել առանց դիմակ ու ձեռնոց մուտք գործել նիստերի դահլիճ, եթե կամավոր է, պետք է ասել այդ մասին:

Միրզոյանը նշեց, որ որևէ մեկը չի կարող պարտադրել: