Search
Close this search box.

ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսով պայմանավորված հանձնաժողովի արտահերթ նիստ

Նոր կորոնավիրուսով պայմանավորված համավարակի իրավիճակային վերլուծությունը վկայում է, որ այն տեւական հետեւանքներ է ունենալու, հատկապես զբաղվածության, բնակչության սոցիալական պաշտպանության եւ առողջապահության ոլորտներում: Ազդեցության շրջանակի կանխատեսումն ու բացահայտումը, բացասական հետեւանքների նվազեցմանն ուղղված միջնաժամկետ եւ երկարաժամկետ համապարփակ ծրագրերը կարող են էապես մեղմել նոր կորոնավիրուսով պայմանավորված անբարենպաստ զարգացումները վերոնշյալ ոլորտներում, այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովից:

Նման ծրագրերն առաջնահերթ պետք է նպատակ ունենան համավարակի եւ դրան հաջորդող ժամանակահատվածում ապահովել տուժած ոլորտների աշխատողների զբաղվածությունը, ճշգրտել սոցիալապես խոցելի բնակչության պաշտպանության հիմնական մոտեցումները, բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպումը հարմարեցնել համաճարակաբանական իրավիճակին, վերաբացվող տնտեսավարող սուբյեկտներում շուտափույթ ներդնել սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նոր մոդելներ ու դրանց պահպանման նկատմամբ սահմանել արդյունավետ վերասկողության համակարգ, ինչպես նաեւ իրականացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ:

Ելնելով վերոնշյալից, ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, սույն թվականի մայիսի 4-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի 334 սենյակում հրավիրում է արտահերթ նիստ` նոր կորոնավիրուսով պայմանավորված համավարակի սոցիալական եւ առողջապահական բացասական հետեւանքների եւ դրանց մեղմման միջոցառումների տեսլականն ու ճանապարհային քարտեզը քննարկելու նպատակով:

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել հետեւյալ հարցերի շրջանակը.

1. Օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը` համավարակին դիմագրավելու արդյունավետության բարձրացման տեսանկյունից` զեկուցող ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2. Նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բնակչության սոցիալական պաշտպանության քաղաքականության տեսլականը, ինչպես նաեւ բնակչության զբաղվածության ապահովման քաղաքականության հիմնական մոտեցումները եւ դրանց իրականացումը ` զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար/փոխնախարար:

3. Նոր կորոնավիրուսի համավարակի եւ դրան հաջորդող ժամանակաշրջանում բնակչության բժշկական օգնության եւ սանիտարահամաճարակային միջոցառումների բնականոն ընթացքի, ինչպես նաեւ բուժաշխատողների պաշտպանության ապահովման հիմնական մոտեցումները` զեկուցող ՀՀ առողջապահության նախարար/փոխնախարար:

4. Սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողության նոր ռազմավարությունը եւ գործնական միջոցառումները նոր կորոնավիրուսի համավարակի եւ դրան հաջորդող ժամանակաշրջանում` զեկուցող ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար:

Նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ: