Search
Close this search box.

Սեփականության վերաբաշխումը առանց ժողովրդավարական արժեքների՝ կծնի հանրային միջոցները վատնող նոր պաշտոնյաներ

Սեփականության իրավունքը սրբազան է։ Այս արժեքային նորմը ներմուծվել է Ֆրանսիական Մեծ հեղափոխությամբ և պահպանվում է Արևմտյան քաղաքակրթության երկրներում։ Պետությունն է այդ իրավունքի երաշխավորը։ Եվ նա էլ իրավունք ունի ազգայնացնել ապօրինի ճանապարհով ձեռք բերված կամ անտեր մնացած, բայց ժողովրդին-պետությանը կենսական անհրաժեշտ գույքը։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումն ու դրա շուրջ հանրային բանավեճը տպավորություն է թողնում, որ իշխանություններն իրենց լիգիտիմությունն օգտագործում են՝ նախկինում կոռուպցիոն սխեմաներով՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքն ազգայնացնելու նպատակով։ Իրերն իրենց անուններով կոչելիս՝ այս գործընթացը սեփականության վերաբաշխում է, որը բնորոշ է հեղափոխություններին, այդ թվում՝ թավշյա։ Այդու՝ այս գործընթացը հեղափոխության շրջափուլ է։ Սակայն կասկած կա, որ այն (ինչպես հեղափոխության հետ առնչվող այլ ակնկալիքներ) պատշաճ չի իրականացվելու և վատ հետևանք է ունենալու։

Սխալներից խուսափելու համար նախ պետք է հասկանալ, որ կոռուպցիան օդից չի իջել, և հենց այնպես չի օտարվել ժողովրդի ունեցվածքը։ Դա տեղի է ունեցել ուժի կիրառման սպառնալիքի տակ՝ էներգակիրների և անվտանգությանը վերաբերող շանտաժներով։ Այդ օտար ուժն է նաև կոռուպցիայի երաշխավորը, գլխավոր կազմակերպիչն ու ժողովրդից խլվածի վերահսկող բաժնետերը։ Եթե Հայաստանում իրականում տեղի է ունենում սեփականության վերաբաշխման գործընթաց, նշանակում է Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը ունի քաղաքակրթական բաղադրիչ։

Հետևաբար՝ ազգայնացնելու առաջին փուլում պետք է լյուստրացիա իրականացնել և իշխանության բոլոր օղակները մաքրել ռուսական ազդեցությունից։ Հակառակ դեպքում՝ կգործի հայտնի հատուկ ծառայությունների դոսյեներով շանտաժի հին-փորձված մեխանիզմը, կոռուպցիա կոչվող սատանան կփոխի դիմակը, բայց չի նվազի, հարստության մեծ մասը, ինչպես նախկինում, կհոսի պետական բյուջեից դուրս, ծնելով նոր օլիգարխներ և հանրային միջոցներն անձնական նպատակներով վատնող նոր պաշտոնյաներ։

Սեփականության վերաբաշխման մեթոդաբանական խնդիր է նաև իրականացման օրինականությունը։ Այն պետք է խարսխվի ժողովրդավարական արժեքների և սոցիալական երկխոսության վրա. ցանկացած բռնի մեթոդ մերժելի է։ Հաշվի առնելով հեղափոխություններ տեսած մարդկության փորձը, սեփականության վերաբաշխումը պետք է այնպես կազմակերպել, որ արդյունքում ամրանա սեփականության ինստիտուտը, բազմապատկվեն ներքին և արտաքին ներդրումները, աճի քաղաքացու և ներդրողի վստահությունն արդարադատության նկատմամբ, մեծանա բարիք ստեղծողի՝ աշխատողի, գործարարի հանրային հեղինակությունը։ Հակառակ դեպքում, սեփականության վերաբաշխումը կբերի ոչ միայն ազատ-շուկայական տնտեսության կործանման, այլև ժողովրդավարական հասարակության քայքայման։

Թաթուլ Մկրտչյան