Search
Close this search box.

Իմ երեխեն մեղավոր չէ՝ հենց կամանդիրն է զինվորների «գլխին սարքել». Առաքել Մովսիսյան

Analitik.am- ը գրում է. Իմ որդին մեղավոր չի, տականքություն են արել, կգա վախտը կլսեք ամեն ինչի ձայնը: Տականքները պիտի պատժվեն, իմ երեխեն անմեղ ա: Որ ինքնասպանություն ա եղել, ի՞նչ կապ ունի իմ երեխեն դրա հետ: Analitik.am-ին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ հավելելով, որ իր որդին անմեղ է, ինչն ապացուցել են, սակայն «դատավորներ կան, որ իրենց երեխեքին էլ կծախեն, կդատեն, որպեսզի մնան իրենց պաշտոնին: Խնդիրը դա է»:

Մովսիսյանը նաև ասաց, որ հիմա չի ցանկանում անդրադառնալ մանրամասներին, քանի որ դատ է ընթանում, սակայն հետո կխոսեն որոշ հարցերի մասին: Նա մի հարցում է համոզված, որ «որոշ դատավորներ և քննիչներ սրբություն չունեն, զակազ են կատարում»:

Նա փոխանցեց, որ իր որդին ընդամենը 4 ամսվա ծառայող է եղել դեպքի ժամանակ, ունի բարձրագույն կրթություն. «15 տարվա խարակտերիստիկա են տվել տականք կամանդիրները: Դրանք պիտի դատվեն, ոչ թե էս երեխեքը»:

Մովսիսյանը համոզված է, որ «հենց կամանդիրն է զինվորների գլխին սարքել, իսկ դատավորն ու քննիչը պատվեր են կատարում»:

Ըստ նրա, անգամ հիմնավորում չի տրվում կամ քննություն չի ընթանում, ոչ էլ վերլուծություն են անում, ասում են`սենց ա ու վերջ. «Իրանք չեն մարսի էդ ձևով: Իրանք պատասխան են տալու, անմեղ երեխա են դատում: Աստված կբերի իրանց դեմը, իրանց երեխեքի դեմը. անմեղ երեխեքին չի կարելի դատել:

Ես երազել եմ, որ իմ տղան զինվոր դառնա, ծառայի, հետ գա տուն»,- շեշտեց Առաքել Մովսիսյանը և հավելեց, որ հենց կամանդիրն է որդուն ասել, «բա հերդ չի ուզո՞ւմ գա հետս ծանոթանա»:

Նախկին պատգամավորը փորձում է հասկանալ, թե ինչ է նշանակում`«հերդ չի ուզում գա հետս ծանոթանա» արտահայտությունը:

Մովսիսյանի խոսքերով, ինքը տեղյակ է, որ գնում տներից մարդ են կանչում, որ «գան որդու վրա գրեն», մարդիկ հրաժարվում են. «Ինձ համար ակնհայտ է՝ պատվեր է ու վերջ, որ որդուս դատեն մի հանցանքի համար, որը չի կատարել:

Նախկին պատգամավորը նաև նշեց, որ կարող էր տղային բանակ չուղարկել մյուսների նման, սակայն տղան գնացել է իր պարտքը կատարելու, «եթե իմ երեխեն մեղավոր լիներ, ես շան տեղ կսատկացնեի, բայց իմ երեխեն մեղավոր չի»:

Նշենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դավիթ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Մովսիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Հիշեցնենք, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում