Search
Close this search box.

«ՀԺ». Մանկավարժական համալսարանը դատական կարգով պահանջում է բռնագանձել թվով 42 սովորողի ուսման վարձի գումարը

«Հայկական ժամանակ. թերթը գրում է. «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը դատարաններում շուրջ 40 հայց ունի՝ նպատակային տեղերում սովորած ուսանողների կրթության վրա ծախսված պետական գումարները բռնագանձելու պահանջով:

Այդ ուսանողները տարբեր տարիների բուհ են ընդունվել, անվճար սովորել, որպեսզի հետագայում՝ որպես ուսուցիչ, աշխատանքի անցնեն այն դպրոցներում, որոնք ունեն տվյալ մասնագետի կարիքը, եւ որոնց հետ ի սկզբանե կնքել են պայմանագիր: Բայց ուսումնառության ավարտից հետո մեծ մասը հրաժարվել է ստանձնած պայմանագրային պարտավորություններից եւ չի դիմել դպրոց: Որոշ դեպքերում էլ դպրոցն է խախտել պայմանագիրը եւ մերժել շրջանավարտին ապահովել նախապես խոստացված աշխատանքով: Երկու դեպքում էլ բարձրագույն ուսումնական հաստատությունը դատական գործընթաց է սկսում:

Նպատակային տեղերում կրթությունը անվճար է: Այսինքն՝ պետական պատվերով: 4 տարի սովորած ուսանողից կամ նրան աշխատանքի ընդունել հրաժարված դպրոցից բռնագանձման ենթակա գումարի ընդհանուր չափը կազմում է նվազագույնը՝ 800 հազար, առավելագույնը՝ 1 միլիոն 600 հազար դրամ:

Մանկավարժական համալսարանի իրավաբանական կենտրոնի ղեկավար Արմեն Ֆերոյանից տեղեկացանք, որ վերջին տվյալով կա 42 դատական գործ, որից 6-ով կայացված վճիռներով գումարները բռնագանձվել են: Նրա փոխանցմամբ՝ դատական հայցեր ավելի հաճախ ներկայացվում են ուսանողների դեմ: «Հայցերը կարող են լինել կամ սովորողի, կամ դպրոցի դեմ՝ կախված նրանից, թե ով է խախտել իր ստանձած պայմանագրային պարտավորությունը: Բայց հիմնականում ուսանողների դեպքերն են:

Մարզպետարանից հարցումներ ենք անում՝ շրջանավարտն աշխատո՞ւմ է, թե՞ չէ, եթե չէ, ինչո՞ւ չի աշխատում: Մեզ տալիս են տեղեկանքներ, որ նա չի դիմել այդ դպրոց կամ որ դիմել է, բայց դպրոցը չի ընդունել: Եթե դպրոցը չի ընդունել, մենք դատական հայցը իր դեմ ենք ուղղում, իսկ եթե ուսանողը չի գնացել՝ ուսանողի: Վճիռ կայացված վեց դեպքերում հիմնականում ուսանողները չեն գնացել աշխատելու նպատակային հայտ ներկայացրած դպրոցներում»,- ասաց իրավաբանը: Խոսելով պատճառների մասին, թե ինչու նպատակային ուսուցում ստացած մանկավարժները, ի վերջո, չեն ցանկանում գնալ դպրոց, նա նշեց. «Պատճառները հիմնականում տարբեր են՝ սովորողները երկրից են հեռացել, ամուսնացել եւ բնակության վայր են փոխել, ուսուցչի աշխատավարձն է ցածր: Ըստ էության, կան տարաբնույթ մեկնաբանություններ»:

Մանկավարժական համալսարանի իրավաբանական կենտրոնի ղեկավարը պատասխանեց, որ նպատակային տեղերում սովորողների կրթության վրա ծախսված պետական գումարները բռնագաձնելու նպատակով դատարան դիմելու գործընթացը նոր չէ, պարզապես հիմա դրա անհրաժեշտությունն ավելի է մեծացել, որովհետեւ ուսանողներն այժմ ավելի հաճախ են հրաժարվում դպրոցում աշխատանքի անցնելուց: «Ուսանողները չեն ուզում գնալ նպատակային հայտ ներկայացրած դպրոցում աշխատելու: Արդեն նշեցի՝ ինչ պատճառներով: Գուցե նաեւ հրապուրիչ չէ այդ ցածր աշխատավարձը: Մարդիկ սովորում են, հետո են հասկանում, որ դրանով տուն չեն կարող պահել, կոպիտ ասած: Ու որոշում են չաշխատել, ցավոք սրտի»,- ասաց իրավաբանը:

Նպատակային տեղերում սովորողների կրթության համար փոխհատուցում է պետական բյուջեն: Բայց խնդիրներ առաջանալու դեպքում որպես հայցվոր հանդես է գալիս համալսարանը: Բռնագանձված գումարը վերադարձվում է պետական բյուջե: Վերոնշյալ 42 դատական հայցի դեպքում խոսքը վերաբերում է մոտավորապես 50 միլիոն դրամի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: