Search
Close this search box.

Շիրակի մարզում քոլեջ ընդունելու համար կաշառք են վերցրել. Հարուցվել է քրգործ

Քաղաքացու ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Ի. Ռ-ն եւ Ա. Բ.-ն նախնական համաձայնությամբ, վերջինիս դստեր` Վ. Բ.-ի՝ «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱ կազմակերպությունում ընդունելու, ընթացիկ եւ ավարտական քննություններին դրական գնահատականներ ապահովելու եւ արդյունքում մասնագիտական որակավորման փաստը հավաստող դիպլոմ ստանալու նպատակով 2015-2016 թվականների ուսումնական տարվա ընթացքում, ինչպես առձեռն, այնպես էլ բանկային փոխանցումների միջոցով, նույն կազմակերպության աշխատակից եւ արհեստակցական միության նախագահ Կ. Կ.-ին որպես կաշառք մաս-մաս փոխանցել են 140 000 ՀՀ դրամ եւ 2100 ԱՄՆ դոլար գումար:

Վերջինս իր հերթին Վ.Բ-ի օգտին գործողություններ կատարելու նպատակով ապօրինի պահանջել եւ ստացել է այդ գումարը, որից հետո նույն նպատակով Ա. Բ-ից պահանջել է եւս 500 ԱՄՆ դոլար:

Ապօրինի գործողությունների արդյունքում ձեւակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող եւ հայերեն գրավոր լեզվին բավարար չափով չտիրապետող, ինչպես նաեւ ուսումնառության տարիներին Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայած Վ. Բ.-ի ընդունելությունը «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱ կազմակերպություն, ինչպես նաեւ դասապրոցեսներին մասնակցությունը եւ դրական քննական գնահատականներ ստանալը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությանը: