Search
Close this search box.

Հերթական օպտիմալացումը. Վանաձորում դպրոց է փակվելու

Կառավարության առաջիկա նիստում նախատեսվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոցը միավորել նույն քաղաքի  «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոցին: Եվ այն հիմնավորվում է հետևյալ կերպ.  «Դպրոցում սովորում  է 30 աշակերտ, կոմպլեկտավորվել է չորս միավոր  դասարան, որից 3-ը երկկոմպլեկտ: Երկկոմպլեկտ դասարանները չեն ապահովում արդյունավետություն» :

Նաև նշվում է, որ Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոցում ծանրաբեռնվածությունը կազմում է 5.33%՝ այն դեպքում, երբ շենքային համալիրի ընդհանուր մակերեսը 5069 քառ.մ է. «Քիչ թվով աշակերտների պարագայում նպատակահարմար չէ կատարել ներդրումներ շենքային պայմանների ու գույքի արդիականացման և դրանց պահպանման նպատակով: Հարակից տարածքում (3 կմ) գործում է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը, որը թերբեռնված է (41.5%), ունի տիպային շենքային համալիրներ (կառուցվել է երկրաշարժից հետո) և բավարար նյութատեխնիկական բազա»:

Անկախ բոլոր տեսակի հիմնավորումներից  ցավալի է, որ հանրապետությունում ևս մեկ կրթօջախ է փակվելու: Գաղտնիք չէ, որ երկրում ծնելիության մակարդակը նվազել է, իսկ մյուս կողմից մտահոգիչ են արտագաղթի տեմպերը: Ամենապարզ թվաբանությունը հուշում է, որ այս տեմպերով շարժվելու դեպքում առաջիկա տարիներին  աշակերտների թիվը էլ ավելի է նվազելու, իսկ այն նկատելի կլինի  հատկապես գյուղական համայնքներում: Կառավարությունն էլ, կարծես թե, գտել է հարցի ամենակարճ  լուծում՝ համայնքների խոշորացմանը զուգահեռ «խոշորացնել» նաև կրթօջախները՝ ազատվելով «ավելորդ» ծախսերից:

ArmLife.am