Search
Close this search box.

Ձեր բախտը բերել է, որ նախարարությունների թիվը կրճատեցինք. Վարչապետը՝ Արայիկ Հարությունյանին

ՀՀ կառավարության տարեվերջյան նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ամանորի միջոցառումների համար հատկացված 270 մլն դրամին։

«Այս որոշման հիմքում երկու հայեցակարգային որոշում է դրված. Առաջինը, մենք պայմանավորվել ենք, որ մեր քաղաքականությունը պետք է միտված լինի հնարավորություններ ստեղծելուն եւ ընդլայնելուն: Այս առումով մենք պետական միջոցների ծախսման առավել երկար հետագիծ պետք է կարողանանք որդեգրել, որպեսզի ծախսված միջոցներն ավելի մեծ ավելացված արժեք բերեն:
Երկրորդ, մենք խնդիր ենք դնում, որ Ամանորը նշելու մթնոլորտը որոշակի փոփոխություն կրի: Վերջին տարիներին տրենդ էր դառնում, որ մարդիկ նախընտրում էին Ամանորը նշել ՀՀ-ից դուրս, որովհետեւ Ամանորը նշելու այն պայմանները, որ կան Հայաստանում, մարդկանց համար ստեղծում են բազմաթիվ անհարմարություններ:

Մենք ուզում ենք Ամանորը դարձնել իրոք հանրային տոն, որտեղ հանրությունը միասին նշելու հարթակ ունի: Նաեւ Ամանորը ավելի շատ տրամադրության տոն սարքել, քան ուտելիքի, որը հետո վերածվում է որոշակի դեպրեսիվ վիճակների: Մենք աշխատել ենք, որ տոնի մշակութային մասը լինի բավական աշխույժ»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ Ամանորից առաջ ընտանիքները կանգնում են երկընտրանքի առջեւ, թե ինչի վրա ծախսել գումարը. «Այս երշիկից գնել, թե չգնել, կամ որքան գնել: Ես առաջարկում եմ Ամանորի առիթով հարազատներին, ընկերներին, բարեկամներին ներկայացումների տոմս նվիրել» ։

Նա ասաց, որ մշակութային հաստատությունները հենց տոմսերի միջոցով պետք է ապահովեն իրենց եկամուտները։ Փաշինյանի խոսքով՝ դեռ չեն ասում, թե պետք է մշակութային օջախները պետական հատկացում չստանան, բայց դրանք պետք է նաեւ ապահովեն իրենց սեփական եկամուտները։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ իր բոլոր գործընկերներին Ամանորյա ներկայացման տոմսեր է նվիրել։ Փաշինյանը կատակեց, թե «Ձեր անձնական միջոցների՞ց ես գնել տոմսերը։ Դե Ձեր բախտը բերեց էլի, որ նախարարությունների թիվը կրճատեցինք»