Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղբամանների տենդերը հաղթել է վարչության պետի քրոջ որդին. Խաժակյանի նոր բացահայտումը

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր՝ դեկտեմբերի 18–ին, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսել է քաղաքապետարանի գնումնների գործընթացում հայտնաբերած կոռուպցիոն ռիսկի մասին։

Նրա խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանը աղբամանների համար հայտարարված տենդեր է ճանաչել իր քրոջ որդուն պատկանող ընկերությանը։

«Նիստը տեղի է ունեցել այս տարվա ամռանը, մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 3 ընկերություն, հաղթող է ճանաչվել Արարատ խաչիկյանի հարազատ քրոջ որդուն պատկանող ընկերությունը՝ «Էկոսերվիսը»»,– ասել է Խաժակյանը՝ նշելով, որ խոսքը 180 միլիոն արժողությամբ տենդերի մասին է։

Խաժակյանը տարակուսանք է հայտնել, որ այս կոռուպցիոն ռիսկի մասին քաղաքում շշուկներ էին տարածվել դեռ մի քանի ամիս առաջ, սակայն, չգիտես ինչու դրանք քաղաքապետին չեն հասել կամ նա չի ցանկացել հետամուտ լինել եւ բացահայտել ճշմարտությունը։ Ավելին Խաժակյանի տվյալներով՝ քաղաքապետ Մարությանը հաստատապես տեղյակ է եղել կատարվածի մասին, սակայն Խաչիկյանին չի հեռացրել մինչեւ այսօր, երբ լրատվամիջոցից պարզաբանում ստանալու նպատակով զանգ է ստացվել քաղաքապետարան։

«Միայն դրանից հետո է Արարատ Խաչիկյանը գրել աշխատանքից ազատման դիմում»,– ասել է Խաժակյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանն աշխատանքից ազատվել է: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։ Արարատ Խաչիկյանը 2018թ. հոկտեմբերին էր նշանակվել կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնակատար, իսկ 2018թ. դեկտեմբերին նշանակվել էր վարչության պետ