Search
Close this search box.

«Եթե ես համարվում եմ վտանգ պետության համար, ուրեմն մենք մանկուրտների երկիր ենք». Ռոբերտ Քոչարյան

«Այս մոլորակի վրա կա երկու հայկական պետություն, երկուսում էլ ղեկավար եմ եղել: Լեռնային ղարաբաղի Հանրապետության հռչկագիրը ես եմ գրել, հեղինակը ես եմ, ու 1988 թվականից մինչև պետության ձևավորումը որևէ որոշում առանց ինձ չի կայացվել, այս երկրի առաջին նախագահն եմ։ ՀՀ-ում նախագահ եղել եմ 10 տարի։ Մինչև իմ՝ նախագահ դառնալը ՀՀ-ն դասվում էր միջազգային կազմակերպությունների ցանկերում աղքատ երկրների ցանկում»։

Այդ մասին Վերաքննիչ քրեական դատարանում իր գործով դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով տուժողի այն հայտարարությանը, թե Քոչարյանն ի վիճակի է գործի վրա ազդել այնպես, որ դա անգամ հայկական պետականության վրա ազդի։

Ռոբերտ Քոչարյանի խոսքն ընդհատեց տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ նշելով, որ առարկում է, քանի որ նրա խոսքը կապ չունի գործի հետ, իսկ տուժողներից մեկն էլ վեր կացավ և հայտարարեց, որ իրեն ահաբեկում են։

«Իմ նախագահության ժամանակ երկիրը դարձավ միջին եկամուտներ ունեցող երկիր, որը մինչև օրս չի փոխվել։ Եթե նման արդյունք ունեցող մարդը համարվում է վտանգ, ի՞նչ ասեմ, ուրեմն մանկուրտների երկիր ենք»,-ասաց Քոչարյան։