Search
Close this search box.

«Եվա» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի նախընտրական ցանկում

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է Օսկար ամենամյա մրցանակաբաշխության 90-րդ   «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի ցանկը, որում ընդգրկված է նաև Հայաստանը:

Հայկական ազգային կինոակադեմիան տվյալ անվանակարգի համար այս տարի ընտրել էր Անահիտ Աբադի  «Եվա» ֆիլմը:

Ամերիկյան կինոակադեմիայի  «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի ռեկորդային թվով երկրներ են հայտեր ներկայացրել՝ 92 երկիր, որոնցից 6-ը՝ պատմության մեջ առաջին անգամ:

Հայալեզու ֆիլմը հանդիսանում է  Հայաստանի և Իրանի համատեղ արտադրություն: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:

Կինոնկարը դրամատիկ պատմություն է կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան․․․

Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։

Հայկական ազգային կինոակադեմիան շնորհավորում է ֆիլմի հեղինակներին և հաջողություն մաղթում հետագա պայքարում: