Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ կրթության նախարարության շենքի մոտ

Այսօր ՀՅԴ երիտասարդները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Մոտ 30 րոպե սպասելուց հետո, երիտասարդները որոշեցին մտնել նախարարության շենք՝ հանդիպելու նախարարին։

Նախարարության շենք մտնելու փորձը ոստիկանները կանխեցին, ինչը լարված իրավիճակ ստեղծեց։ Երիտասարդներից մեկը կոչ արեց ոստիկաններին՝ ասելով, որ վստահ են՝ ոստիկանները նույնպես ամաչում են նման պահվածքից:

«Դուք էլ եք ամաչում նրան պաշտպանելուց․ նա, ընդհանրապես, պաշտպանելու ոչ մի արժանիք չունի։ Մարդ, որը պայքարում է ազգային արժեքների դեմ, մարդ, որը պայքարում է մեր կրոնի պատմության դեմ, մարդ, որը պայքարում է «ընտանիք» հասկացության դեմ․ դուք, պատ կազմելով, պաշտպանում եք նրան»,- ասաց նա։

«Արայիկ Հարությունյանին, եթե թվում է, որ մենք չենք հանդիպելու նրա հետ՝ թյուրիմացության մեջ է։ Նա նույնիսկ իր երազներում է մեզ հանդիպելու, այլընտրանք չկա․ նա մեզ հանդիպելու և հեռանալու է»,- հայտարարեց ակցիայի մեկ այլ մասնակից։

Լարված իրավիճակ է ստեղծվել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ ՀՅԴ երիտասարդները հայտնեցին, որ չեն սպասելու նախարարի առաջարկին և փորձեցին մուտք գործել շենք՝ անմիջապես նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու համար։

ՀՅԴ երիտասարդները վանկարկում են՝ «Արայի՛կ, իջի՛ր», «Հեռացի՛ր»։

Քանի որ ոստիկանները թույլ չէին տալիս, որ նրանք մուտ գործեն շենք, երիտասարդներից մեկն ասաց․ «Պարոնա՛յք ոստիկաններ, մենք ձեզ հետ որևէ խնդիր չունենք, մեր խնդիրը նախարարին հանդիպելն է, ինչը ստիպված մենք ենք կազմակերպում»,- ասաց նա։

ՀՅԴ երիտասարդները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց են, պահանջում են հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ անդամները նստացույց էին անում ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Նրանք պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2,700,000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։