Search
Close this search box.

Դա էլ կլինի Փաշինյանին նվեր. Դավիթ Կարապետյան

Միջազգայանագետ Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հեղափոխություն թե՞…
Հետաքրքիր զարգացումների ականատեսն ենք:
Կարծես իրավիճակի փոխման նախադրյալներ են ստեղծվում:
Ողբերգությունների ու արհավիրքների շղթան կտրելու համար համաժողովրդական ընդվզում է սկսվել, որը գլխավորում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը:
Վերջինս իր համակիրների հետ քայլերթով գալիս է Երևան:
Նախատեսվում է մայիսի 9-ին հավաք Հանրապետության հրապարակում:
Սրբազանի առաջնորդությամբ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը րոպե առ րոպե թափ է հավաքում:
Տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական լուրջ պրոցես է գեներացվում, որը կարող է և հաջողությամբ պսակվի:
Մանավանդ, որ ի տարբերություն մինչ այս պահը եղած նախաձեռնությունների, կոնկրետ այս շարժումն իր բնույթով ձնագնդիի էֆեկտ ունեցողներից է և իր տեսակով անկանխատեսելիության շատ մեծ գործոն ունի:
Դրանով իսկ պայմանավորված՝ չի բացառվում, որ ներքաղաքական ճգնաժամի, անգամ կոլապսի ականատեսը դառնանք…

ՀՀ գործող իշխանությունների կողմից տարվող հակապետական ու ապազգային պրոցեսները կանխելու համար շարժման մասնակիցները տեսնում են մի իրատեսական, ռացիոնալ տարբերակ.
հասկանալի է, որ Ալիևի ու Էրդողանի անհագ ախորժակը չենք կարող զսպել, հնարավորություն էլ չունենք վերջիններին հեռացնել իշխանությունից:
Եվ հետո, ով էլ գա նրանցից հետո, միևնույն է՝ մեր հանդեպ քաղաքականությունը չի փոխվելու:
Հետևաբար՝ միակ տարբերակը մնում է մեր վարչապետ կոչվածի հեռացումը:
Ըստ այդմ՝ Սրբազանի հետ քայլող մեր համաքաղաքացիների և առհասարակ նրա աջակիցների պահանջ-ցանկությունը հստակ է ու աներկբա.
Վարչապետ Փաշինյանի հեռացումը:
Նրանք այլ օրակարգ չեն տեսնում և կոնկրետ դրա համար են աջակցում շարժմանը:
Եվ այստեղ է, որ առաջ է գալիս հիմնաքարային հարցը.

Իսկ ո՞րն է Սրբազանի օրակարգը:
Ի՞նչ նպատակով, ի՞նչ պահանջով, ի՞նչ ճանապարհային քարտեզով է նա ներկայանալու հանրությանն ու գործող իշխանություններին:
Հատկապես, երբ հասնի Կառավարության շենքի դիմաց:
Այս պահի դրությամբ, լրագրողների կողմից հնչեցրած վերոնշյալ հարցերին ի պատասխան Սրբազանը շարժման նպատակը կապել է բացառապես Տավուշում տեղի ունեցող անօրինական սահմանազատման և այդ պրոցեսը կանգնեցնելու, կասեցնելու, խափանելու հետ:

Ընդ որում, այստեղ առաջանում է հարց.
մինչ նա այդ նպատակով ու պահանջով գնում է Երևան, Տավուշում արդեն իսկ ավարտին է մոտենում դելիմիտացիոն աշխատանքները:
Ավելին՝ նախանշված մայիսի 15-ից գրեթե մեկ շաբաթ շուտ այն ավարտված կլինի:
Հետևաբար՝ «գնացքն արդեն գնացել է», այլևս ի՞նչ կասեցնելու մասին պահանջ կարող է հնչել Երևանում…
Նման պահանջն ինքնին զրոյանում է…
Իսկ այն կոնկրետ հարցին, թե արդյո՞ք շարժումն ի դեմս իրեն պահանջելու է վարչապետի հրաժարականը, վերջինս պատասխանել է՝ այս պահին ոչ:
Եվ այստեղ է, որ տարակուսանք է առաջանում:
Ստացվում է՝ նրա հետ քայլող մեր համաքաղաքացիները, որոնք անհաշտ են Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների հետ և նրանց ցանկությունն այս առումով համընկնում է Սրբազանի շարժման կոնկրետ նպատակի հետ, այսպես ասած «փաստի առաջ են կանգնում», քանզի Սրբազանը Երևան է գնում՝ միայն վերոնշյալ նպատակով, այլ ոչ թե Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Այս պարագայում կարելի է ենթադրել հետևյալը.
կամ այս պահին Սրբազանը չի բացահայտում իր ծրագրերը կամ գուցե զգուշավորություն ու հեռատեսություն է դրսևորում…
Գուցե ասում է մի բան, բայց պատրաստվում է անել մեկ այլ բան, հետևաբար՝ շարժվում է ըստ նպատակահարմարության ու պահի թելադրանքի…
Գուցե համակիրներին նախապես տեղեկացրել է իր բուն նպատակի մասին ու պարզապես լրագրողներին է պետք տալ այդպիսի պատասխաններ:

Ոչինչ չի բացառվում…
Բայց եթե դա այդպես չէ, ապա վերջում իր իսկ համակիրները կանգնելու են փաստի առաջ…
Իսկ դա կբերի հուսախաբություն ու հիասթափությում, որն էլ պատճառ կհանդիսանա, որ շարժումը մսխվի ու ինքնաոչնչանա…
Դա էլ կլինի Փաշինյանին նվեր…
Ավելին՝ նա կրկին կհաղթի, քաղաքական կյանքի երկարացումն էլ կերաշխավորվի…
Ի դեպ, այս առումով շարժումն ունի ևս մի խնդիր, որից Փաշինյանը միանշանակ շահելու է:
Շարժումն իրենց ներկայությամբ ու իրենց արջի ծառայություններով կարող են «փչացնել» առիթից օգտվող և շարժմանը միանալ ցանկացող «թունդ հայրենասեր, անմնացորդ հայրենափրկիչ» «նախկինների» բյուր տեսականին (իհարկե մեջները կան բացառություններ), ինչպես նաև «աբիժնիկ պատեհապաշտների», «լատենտ հեղափոխականների» ու «կոմպրոմատավոր մուտիլովչիկների» ստվար զանգվածը:
Կարծում եմ՝ շարժման առաջնորդներն այս ամենը գիտեն ու կձերբազատեն իրենց նման «տեսականուց», այլապես շարժումը դատապարտված է, «պռավալն» ու ֆիասկոն այդկերպ ապահովված…
Կարծում եմ շարժման առաջնորդները նաև քաջ գիտակցում են, որ Նիկոլը քաղտեխնոլոգիաների ու փողոցային պայքարի անգերազանցելի «վարպետ» է:
Սրան գումարած՝ վերջինիս տնօրինման տակ է իշխանական ռեսուրսները, իր բնատուր մանիպուլյացիայի գործիքակազմն ու խորամանկությունը:
Նույնիսկ այն պարագայում, որ թե՛ տեսականորեն, և թե՛ գործնականապես շարժումը Նիկոլի դեմ օգտագործում է փողոցային պայքարի գրեթե նույն մեթոդներն ու ատրիբուտիկան, որով ժամանակին նա եկավ իշխանության:
Եվ հետո.
Նիկոլի հանդեպ առայժմ կա միջազգային կոնսենսուս:

Իսկ դա լուրջ երաշխիք է…
Դա նաև պատճառ է, որ այս իրավիճակում նա պանիկայի, դեպրեսիայի ու ցայտնոտի մեջ չհայտնվի:
Ուստի, կամ նա կսրի իրավիճակը ու կգնա «մարտի 1»-ի կամ կընտրի շարժումը ժամանակի մեջ մաշեցնելու տարբերակը։
Ամեն դեպքում, հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները, շարժմանը միացող համախոհների պրոգրեսիվ թվաճը, ավելի քան վստահ եմ, որ Փաշինյանն այդուհանդերձ գիտակցում է պահի լրջությունը, հավանական ռիսկերն ու իր համար խիստ հավանական տխուր վերջնարդյունքով սցենարները:
Այդ մասին նրան ասում են նաև թե՛ իր վստահելի մարդիկ և թե՛ զեկուցում համապատասխան օրգանները…
Բայց որ նա սեփական կամքով հեռացողը չէ՝ փաստ է…
Ավելին՝ նա իր թիմակիցներին, իր աջակիցներին, էլեկտորատին, նույնիսկ ազգ ու բարեկամին «դեմ կտա», «փուռը կտա», բայց հրաժարական չի տա…
Եվ դա նույնիսկ իր հանդեպ ժողովրդի ժամ առ ժամ գահավիժող անվստահության ու հեռացման պահանջի պարագայում:

Նա անդրդվելի է…
Իհարկե, անցնում հեռացումը լավագույն տարբերակն է, բայց նրա դեպքում այն գրեթե բացառվում է…
Փաստ է, որ կա համատարած դժգոհություն ու ցասում, էյֆորիա, հախուռն էմոցիաներ, որոնք առայժմ արտահայտվում են քայլերթի միջոցով ու կարող են ստանալ այլ պատկեր ու բովանդակություն:
Ուստի մնում է, զերծ մնալով դավադրապաշտություններից, կոնսպիրոլոգիական տեսություններից ու վանգայությունից, հետևել ընթացիկ զարգացումներին ու ըստ այդմ տալ սթափ, անաչառ ու անկողմնակալ գնահատական:
Բոլոր հարցերի ճիշտ պատասխանը տալու է նորին մեծություն ժամանակը…
Այս պահին, մնում ասել՝ որը բարին է թող դա էլ կատարվի…