Search
Close this search box.

Տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի. Գագիկ Ծառուկյան

Տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի: Տնտեսական հեղափոխության համար ոլորտներում պետք է գումար դնես, զարգանա, որ մարդիկ կարողանան գումար ստանալ: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքերը, որ կոռուպցիայի բացակայությունն արդեն վկայում է տնտեսական հեղափոխության մասին:

Ծառուկյանի խոսքերով, կապիտալ ծախսերի համար 400 միլիոն դոլարը, որը պետք է դրվեր ոլորտները զարգացնելու համար, որպեսզի տարեկան 5-15 տոկոս աճ լիներ, բանկում տոկոսներով դրված է. «Վարկ են վերցնում բերում, բայց այն օգտագործելու փոխարեն, տանում դնում են բանկում: Կապիտալ ծախսերը չենք կատարել, ո՞նց կարող է տնտեսական հեղափոխություն լինել»:

Անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի նախագծին՝ նշեց, որ  ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու. «Եթե մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի անարդարության, իր լճացման համար, այլ առաջարկում են գումար վճարել, որ չաշխատելով այդ գումարից մարդ օգտվի, դա աբսուրդ է», – ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ եթե մարդ չի համապատասխանում տվյալ աշխատանքին, ապա նրան պետք է հեռացնել աշխատանքից, ոչ թե առաջարկեն թոշակի գնալ:

«Այդպիսի առաջարկ աշխարհում ընդունված չէ, չի կարելի», – հավելեց նա:

Դիտարկմանը, թե իշխող քաղաքական ուժը պնդում է, որ այդպես է լուծում ՍԴ-ում ստեղծված ծգնաժամը՝ Ծառուկյանը հակադարձեց. «Թող մեզ ցույց տան, որ ճգնաժամ, լճացում կա, մենք համաձայնենք, բայց այդպիսի բան չկա: Առանց աշխատելու համ թոշակ են տալիս, համ աշխատավարձ: Մենք դրան կողմնակից չենք լինելու, կատարողներն էլ պիտի հասկանան, որ հետո պատասխան են տալու դրա համար: Մենք դեմ ենք քվեարկելու»: