Search
Close this search box.

Մամ, դժոխքը հենց էստեղ ա՝ մեր զորամասում. Նաիրա Զոհրաբյանն ընթերցեց ինքնասպանություն գործած զինվորի նամակը

Այսօր բանակում զինվորական ծառայության ժամանակ ինքնասպանությունների բավականին տխուր վիճակագրություն ունենք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29–ին, պրոֆիլային հանձնաժողովում քննարկման ժամանակ ասել է ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ թշնամու գնդակից ավելի քիչ զինվոր է զոհվում, քան բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների պատճառով։

«Մենք պարբերաբար հանդիպում ենք սեւազգեստ մայրերի հետ, որոնցից շատերը պնդում են, որ որոշ դեպքերում սպանությունները որակվում են որպես ինքնասպանություն, բայց մեկ բան հստակ է՝ այս խնդիրը լրջագույն կարգավորման անհրաժեշտություն ունի»,– նշել է Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ տեւական ժամանակ է ինչ այս խնդրի վերաբերյալ աշխատում են նաեւ ՄԻՊ–ի հետ։

«Օմբուդսմենի հերթական զեկույցներից մեկը վերաբերում էր հենց բանակում տիրող ենթամշակույթին, երբ ոչ կանոնադրական հարաբերությունները հանգեցնում են նրան, որ զինվորը ինքնասպան է լինում։ Ցավոք սրտի՝ վերջին դեպքը տեղի ունեցավ օրեր առաջ, երբ իրավաբանականի ուսանողը գնաց այդ քայլին»,– ասել է պատգամավորը։

Զոհրաբյանը կարդացել է ինքնասպանութուն գործած զինվորի նամակը. «Մամ ջան, մենակ եմ, կուզեմ, որ այս վաշտից ինձ հանեք, այս վաշտից որ ինձ հանեք, ամեն ինչ լավ կլինի։ Մամ, դժոխքը հենց էստեղ ա՝ մեր զորամասում»։

Ըստ պատգամավորի՝ սրանք եզակի նամակներ չեն եւ սա եւս մեկ անգամ ապացույցն է այն բանի, որ բանակում առկա է նման ենթամշակույթ։

«Ես եւ իմ գործընկերներն առաջարկում ենք ՀՀ 2003 թվականի ապրիլի 18–ի քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ. «Զինծառայողին ինքնասպանության հասցնելը՝ զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում, զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ պատիվն ու արժանապատվությունը նվսատացնելու միջոցով, անուղակի կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից պատժվում է ազատազրկման 3–8 տարի ժամկետով»,– ասել է պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ինքը խոսել է տարբեր զինվորների հետ, իսկ առաջիկայում պատրաստվում է խնդիրը քննարկել պաշտպանության նախարարի հետ։

Այս Բաժնից