Search
Close this search box.

Փաշինյանը, Ալիևը և Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. Վիտալի Բալասանյան

2018 թվականից էայս կողմ եթե խրոնոլոգիա անեք, կհասկանաք, թե Արցախը հանձնողներն ովքեր են։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ԱՀ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Հետ տվեք իմ հարցազրույցները 2018 թվականի և բոլորդ համոզված կլինեք՝ ինչպիսի քաղաքականություն ենք վարում, որ Արցախը և Հայաստանը ընկել են այսպիսի ծանր կացության մեջ։ Ամեն մեկն իր չափաբաժին մեղքն ու պատասխանատվությունն ունի։ Վստահ եմ՝ երբ ժամանակը գա, բոլորը պատասխանատվության կենթարկվեն։ Արցախի հանձնումը հանցագործություն է եղել։ Բոլոր նրանք, ովքեր պաշտոն են զբաղեցրել, ընդհուպ նաև ինձ»,- ասաց Բալասանյանը։

Նա նշեց, որ առաջիկայում արցախցիներ հանդես են գալու հայտարարությամբ.

«Այն է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով, որի պատասխանատուներն են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. Երեքն էլ պատասխանատու են այդ փաստաթղթի համար։ Այդ փաստաթուղթ առ այսօր ուժին մեջ է՝ անկախ նրանից, թե որ կետն է կատարվում, որը՝ ոչ։ Այս պահին արցախցիները Արցախի Հանրապետության տարածքից դուրս։ Նրանք պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձն Արցախ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը հավակնություններ չունի Արցախի վերադարձի համար, Բալասանյանն արձագանքեց. «Դա հարցրեք Նիկոլ Փաշինյանին, թե ինչու է նման հայտարարություն անում։ Բայց երբ մարդ մի փաստաթղթի տակ ստորագրում է, ուրեմն պատասխանատու են այդ փաստաթուղթը վերականգնելու»։

Անդրադառնալով արցախցիների աջակցության ծրագրին՝ Բալասանյանն ասաց. «Որևէ մի արցախցու չեն հարցրել այդ հատուցման ձևաչափը։ Համոզված եմ, որ որևէ արցախցի չի խնդրում, որ իրենց ՀՀ կառավարությունը մեզ տներով բավարարի։ Նրանք պարտավոր են նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի կոչել»։

Բալասանյանը շեշտեց, որ ռուս խաղաղապահներն ամբողջությամբ դուրս չեն եկել Արցախից. «Մի մասն է դուրս բերվել։ 2025 թվականի նոյեմբերի 9-ին է լրանում, պայմանագրի ժամկետը դեռ չի լրացել։ Վստահ եմ, որ այդպիսի բան չկա»։

Հարցին, թե ինչպե՞ս իրեն հաջողվեց Հայաստան գալ, Բալասանյանն ասաց. «Հանգիստ, տեսա, որ էլ մարդ չկա, եկա։ Թող մնա գաղտնիք։ Երբ պետությունների պատկան մարմինները հարցում կանեն, ես կասեմ, թե որտեղով եմ գնացել, կտեսնեն, որ այդտեղ նշաններ կան»։

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե արցախցիները շարժմանը գումարով են մասնակցում, Բալասանյանն ասաց. «Ով որ այդպիս բան է ասում, ղալաթ է անում»։