Search
Close this search box.

Ալրաղացի Լյովի արտահանձնման գինը. ինչ կգա նրա փոխարեն

Ռուսաստանի Դաշնության դատարանը հավանություն է տվել Լեւոն Սարգսյանին՝ Զելենոգրադում հայտնաբերված եւ ձերբակալված Ալրաղացի Լյով մականունով հայաստանցի նախկին օդիոզ անձին 40 օրով կալանավորելու որոշմանը: Սարգսյանին հայտնաբերել էին հայ եւ ռուս իրավապահները: Թերեւս կասկածից վեր է, որ դա տեղի չէր ունենա, եթե չլիներ ՌԴ որոշակի մակարդակի քաղաքական որոշում՝ առնվազն հայտնաբերմանն ու կալանավորմանը չխանգարելու վերաբերյալ:

Իսկ կլինի՞ արդյոք խանգարող հանգամանք հետո, երբ արդեն գա Հայաստանին արտահանձնելու հերթը: Հայաստանի գլխավոր դատախազությունը տարածել է տեղեկություն, որ օպերատիվ կերպով ռուսական կողմին են տրամադրվել արտահանձնման հիմքերը: Հայտնի է, որ Լեւոն Սարգսյանին մեղադրում են մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակում կազմակերպելու համար:

Արմեն Ավետիսյանն այն անձն է, որը շաբաթներ առաջ հօգուտ պետության հրաժարվել է իր ծաղկաձորյան սեփականությունից՝ Գոլդեն Փելես հյուրանոցից: Պետությունը «նվերը» ստանալուց հետո որոշել է այն դնել աճուրդի: Մի հյուրանոց էլ ուներ Լեւոն Սարգսյանը՝ Սեւանում, Աղթամար անունով, թերակղզու դիմաց բարձրունքի վրա: Հյուրանոցը տեւական ժամանակ, անգամ դեռեւս իշխանափոխությունից առաջ, կարծես թե մատնված էր անուշադրության: Արդյոք Լեւոն Սարգսյանը կհրաժարվի իր հյուրանոցից հօգուտ պետության, որպեսզի պետությունն էլ հրաժարվի նրան այսպես ասած պահանջելուց:

Թե՞ դա չափազանց փոքր գին կլինի Լեւոն Սարգսյանի համար, նկատի ունենալով եւ այն, որ նա դիտարկվում է նաեւ մարտիմեկյան գործի շրջանակում:

Այդ դեպքում հյուրանոցը հազիվ թե օգնի:

Այդուհանդերձ, ունենալով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օրինակը, հարց է՝ արտահանձնման խնդիրը պետք է դիտարկել օգնո՞ղ, թե՞ խանգարող հանգամանքների շրջանակում: Միհրան Պողոսյանին էլ ձերբակալեցին, կալանավորեցին 40 օրով, սակայն չարտահանձնեցին: Տեղեկություն եղավ, թե փաստաթղթերի հարցում ռուսական կողմը ունեցել է հարցեր: Հայաստանից նշեցին, որ բավարարել են փաստաթղթերի պակասը, սակայն Միհրան Պողոսյանը շարունակում է պակասել Հայաստանից, իսկ մամուլում էլ հրապարակվում են տեղեկություններ, որ նա արդեն Ռուսաստանից է նույնիսկ պակասել: Թեեւ, կան նաեւ որոշակի «խորհրդապահական» խոսակցություններ, որ Միհրան Պողոսյանի «պակասը» լրացվել է Հայաստանի անվտանգության համար կարեւոր մատակարարումով:

Ի՞նչ կլինի Ալրաղացի Լյովի հետ: Կլրացվի՞ Հայաստանում նրա «պակասը», թե՞ օրինակ նրա փոխարեն կարող է լրացվել Հայաստանի ռազմա-տեխնիկական որեւէ «պակաս»՝ արդիական որեւէ ձեռքբերումով: Եթե լինենք անկեղծ, Հայաստանում շատ ավելի նախընտրելի է որեւէ այդպիսի ներկայություն, քան Լեւոն Սարգսյանինը: Իսկ տան վրա ավազակային հարձակման հարցը նրա հետ Արմեն Ավետիսյանը թող ինքը պարզաբանի, եթե իհարկե այդ պարզաբանումը չի եղել մինչ այժմ:

Նյութի աղբյուր lragir.am

Այս Բաժնից