Search
Close this search box.

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը կալանավորվեց

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է ընտրվել  կալանավորումը: Այդ մասին  «Փաստինֆո»-ն տեղեկացել ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանից:

Կաշառքի վերաբերյալ գործի շրջանակներում կալանավորվել են նաև  ՔԿՀ ղեկավար անձինք ևս:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՔԾ քննիչների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

Քրեական գործով ձերբակալվել էին Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 5 ղեկավար պաշտոնատար անձինք, ինչպես նաև նրանց կաշառք տալուն օժանդակած 1 անձ: