Search
Close this search box.

«ՀՀԿ-ի կամակատարներն են». Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրենը հերքում է անանուն նամակում իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները

Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե օրեր առաջ նամակ է ստացել Ֆեյսբուքյան օգտատիրոջից՝ որտեղ նշում է, թե Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Համբարձումյանը նախկինում՝ 2011-2013 թթ.-ին տնօրեն եղած ժամանակաշրջանում, չարաշահումներ է իրականացրել և իր մերձավորներին ընդունել է աշխատանքի:

Մեկ ամիս առաջ Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Կամո Համբարձումյանը, դիմելով ArmLife.am-ի, հերքեց անանուն նամակում իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները. «Անանուն նամակում ասվում է, թե կինս աշխատել է նախկինում: Սուտ է: Գոյություն ունի հրամանագիրք, որտեղ չեք գտնի նման հրաման, թե իմ կինը կամ ազգականներից որևէ մեկը աշխատել է: 2011-2013 թթ.-ին այգեպանի հաստիք ընդհանրապես չենք ունեցել և բնականաբար այդ չեղած հաստիքում որևէ մեկը, առավել ևս իմ ազգականներից, չէին կարող աշխատել: Իմ համար պարզ է, թե ով է այս նամակի հեղինակը, թե ինչպես է նա տարիներ շարունակ ծառայել ՀՀԿ-ին՝ լինելով նրա կամակատարը: Այստեղ գործել է կլանային համակարգ և բոլոր լծակները օգտագործել են թալանելու համար: Կան քրեական գործեր հարուցված և ոմանք այսօր փորձում են էժանագին ու չստացված հնարքներով մոլորության մեջ գցել մարդկանց: Չի ստացվի: Ուսումնարանի կոլեկտիվը շատ լավ գիտի, թե ով՝ ով է եղել և ով՝ ինչ է արել իր ղեկավարման տարիներին»:

Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Համբարձումյանը նաև տեղեկացրեց, որ այսօր իր առջև դրված է մի քանի կարևոր խնդիր՝ բարելավվել ուսումնական գործընթացի պայմանները, ուսումնարանում շեշտակիորեն ավելացնել ուսանողների թիվը, տալ փայլուն տեսական ու գործնական գիտելիքներ, որպեսզի ուսումնարանն ավարտած շրջանավարտը շուկայում լինի պահանջարկված և անմիջապես անցնի աշխատանքի. «Մեկ ամիս է, ինչ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եմ և մոտ օրերս նախատեսում ենք փոխել 109 մ2 մակերեսով պատուհան: Եվ ընդհանրապես, որակյալ կրթություն տալու համար պետք է ստեղծենք բոլոր պայմանները: Այսօր մենք բանակցություններ ենք վարում մասնավոր մի քանի ընկերությունների հետ, որպեսզի մեր փայտամշակները, շինարարները, խառատները և մյուս մասնագետներն ուսումնարանն ավարտելուց հետո անցնեն աշխատանքի: Սա մեր համար ռազմավարական խնդիր է: Կարևոր ենք համարում նաև ուսանողների թվի կտրուկ ավելացումը և մեր քայլերով հասնելու ենք այդ նպատակին: Նոր Հայաստանում միջին մասնագիտական կրթության մասնագիտությունները պետք է լինեն ամենապահանջարկվածը: Եվ այն յոլա գնալու ու ՀՀԿ-ի ժամանակաշրջանի թալանելու տրամաբանությունը, որը եղել է մինչ իմ գալը՝ վերջ է դրվել»,-նշեց Կամո Համբարձումյանը՝ ընդգծելով, որ շատերին կարող է այն դուր չգալ, բայց դա իրենց գործն է, իսկ իր խնդիրն այն ծրագրային փաթեթի կյանքի կոչումն է, որով նշանակվել է այս պաշտոնին:

ArmLife.am