Search
Close this search box.

Արբիտրների բարձրագույն դպրոցն անում է իր առաջին վստահ քայլերը

Արբիտրների բարձրագույն դպրոցն այս տարի տվեց իր առաջին շրջանավարտները: Առաջին շրջանավարտներն ընդամենը 8-ն են, բայց դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանը համոզված է՝ նոր ուսումնական տարում ունենալու են ավելի մեծ թվով դիմորդներ, որովհետև հետաքրքրությունն արբիտրաժային գործունեության ու նրա ընձեռած հնարավորությունների հանդեպ գնալով աճում է: Արբիտրաժը զարգացման հիրավի լայն հնարավորություններ ունի. փաստում են նաև ոլորտի մասնագետները:

Արբիտրների բարձրագույն դպրոցը ստեղծվել է «Իրավունքի պաշտպան միավորում» հկ-ի նախաձեռնությամբ և Փաստաբանների պալատի ու Փաստաբանական դպրոցի աջակցությամբ: Դպրոցի առաքելությունն է նպաստել Հայաստանում արբիտրաժի զարգացմանը, բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը արբիտրաժի մասին, արբիտրաժային դատարանները համալրել պրոֆեսիոնալ արբիտրներով: Արբիտրների բարձրագույն դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանի խոսքով մինչ այս նրանք, ովքեր ցանկացել են դառնալ արբիտր, Հայաստանում մասնագիտական որևէ դասընթացի մասնակցելու հնարավորություն չեն ունեցել, մի մասը վերապատրաստվել են արտասահմանում, բայց գործող արբիտրների մեծ մասը պարզապես իրավաբանական կրթություն ունեցող անձինք են. «Ընդհանրապես ըստ ՀՀ «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արբիտր կարող է լինել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ, անգամ իրավաբանական կրթությունը պարտադիր պայման չէ: Ու բոլորը չէ, որ հաղթահարում են այն: Այս տարի գարնանային հոսքի դասընթացներին մասնակցելու համար մեզ դիմել էին 10-ից ավելի թեկնածու, բայց ընտրեցինք 8-ին»:

Այդ 8 արբիտրներն անցել են 5 ամսյա ցերեկային դասընթաց, որը կազմված էր 15 առարկաներից և անցկացվում էր Փաստաբանական դպրոցում: Երեք ամիս բուն դասընթացն է եղել, 1 ամիս պրակտիկան, 1 ամիս քննաշրջանը: Պրակտիկան կազմակերպվել է Հայաստանի բանկերի միության Ֆինանսական արբիտրաժում: Պրակտիկայի ղեկավարը եղել է  նույն արբիտրաժի արբիտր Անի Մովսիսյանը. «Արբիտրաժի զարգացումը մեր երկրում շատ եմ կարևորում՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային եղանակ, որը կողմերի շահերը հաշվի առնելով՝  վեճերի լուծման ավելի լայն հնարավորություններով լավագույն ձևն է: Արբիտրաժի նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը կնպաստի հասարակության լավագույն շահի և իրավական այնպիսի ինստիտուտի կայացմանը, ինչպիսին արբիտրաժն է: Կարծում եմ դրանից բոլորը կշահեն, համենայն դեպս, պետք է բարձրացնել հասարակության իրավագիտակցությունը, որպեսզի արբիտրաժի կարևորությունը հասկացվի»:

Հեռանկարները, որոնք կբացվեն նորավարտ արբիտրների առաջ շատ են: Արբիտրների բարձրագույն դպրոցի և Երևանի միջազգային արբիտրաժի միջև կնքվել է համաձայնություն, որով դպրոցի շրջանավարտները այստեղ աշխատանքի անցնելու հնարավորություն են ստանում: Երևանի միջազգային արբիտրաժային դատարանի նախագահ Էդգար Վահրադյանը մեծ բացթողում է համարում այն, որ արբիտրաժի ինստիտուտը Հայաստանում դեռ լիարժեք կայացած չէ,  ու որպես դրա հիմնապատճառ նշում է տեղեկացվածության պակասը և արբիտրների ինքուս լինելը. «Արբիտրների բարձրագույն դպրոցը ընդամենը մեկ տարի է, որ գործում է իր ամբողջ ծավալով և հույս ունեմ, որ դպրոցի շնորհիվ առաջիկա մի քանի տարում արբիտրաժի զարգացվածությունը և նրա նկատմամբ հետաքրքրվածությունը ավելի կաճեն: Ընդհանուր իրավասության դատարանները ևս կնպաստեն դրան, ելնելով իրենց ծանրաբեռնվածությունից, հենց իրենք էլ համապատասխան գործերը կուղղորդեն արբիտրաժ»: Իսկ արբիտրաժում առանց անհարկի ձգձգումների կամ ծախսերի անկողմնակալ լուծում կարող են ստանալ այնպիսի վեճեր, ինչպիսիք են  քաղաքացիական հարաբերություններից առաջացող առևտրային բնույթի բոլոր վեճերը, բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների ու նրանց հաճախորդների միջև կնքված գործարքներից բխող վեճերը, ապրանքների մատակարարման և փոխանակման, ծառայությունների մատուցման, առևտրային գործակալության, վարձակալության, լիզինգի, աշխատանքների կատարման, խորհրդատվության, նախագծման, ներդրման, ապահովագրության, համատեղ ձեռնարկատիրության, փոխադրումների հետ կապված իրավահարաբերություն և այլն:

Արբիտրաժի այս առավելությունները և գործունեության լայն ծավալն է հենց գրավել երկար տարիներ բանկի իրավաբանական ծառայության վարչության նախկին պետ, այժմ Արբիտրների բարձրագույն դպրոցի շրջանավարտ Հրաչյա Հովհաննիսյանին, որ նա որոշի ձեռք բերել իր երկրորդ մասնագիտությունը. «Արբիտրաժային դատարանների զարգացումը հրատապ խնդիր է՝ կանգնած  մեր արդադատության համակարգի առաջ, քանի որ դատական ներկա համակարգը չի ապահովում այնպիսի հարցերի օպերատիվ ու արագ լուծում ինչպիսին է  օրինակ՝ աշխատավարձերի վճարումը, բանկերի հետ քաղաքացիների վեճերը և այլն։ Այնինչ այդ և բազմաթիվ այլ հարցեր շատ օպերատիվ ձևով կարող էին լուծվել  արբիտրաժային դատարանում ընդամենը մինչև մեկ ամսում: Ինչու՞ չուղղել նման հարցերը այնտեղ, չմասսայականացնել արբիտրաժների աշխատանքը, ինչու՞ ենք մեր հասարակությանը պահում կաղապարված: Չէ՞ որ արբիտրին դիմելու դեպքում քաղաքացին զերծ է մնում ավելորդ ծախսերից, դատական քաշքշուկներից, ժամանակի կորստից։ Այդ տեսանկյունից ես գտնում եմ որ արբիտրաժային դատարանների զարգացումը պետք է անընդհատ պրոպագանդվի, քաղաքացիներն իմանան, որ արբիտրին դիմելով իրենք միայն շահում են»:

Արբիտրների բարձրագույն դպրոցն այս հոկտեմբերին սկսել է դասերը իր հաջորդ հոսքի մասնակիցների հետ: Ի դեպ, աշնանային հոսքի դասերը երեկոյան են տեղի ունենում: Իսկ մյուս դասընթացը նախատեսվում է գարնանը: