Search
Close this search box.

Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի հայտարարությունը

(Դատապարտյալ Արմենակ Լևոնի Մնջոյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի վերաբերյալ Նուբարաշեն» ՔԿՀ սպասարկող անկախ հանձնաժողովը ՀՀ նախագահի 31.07.2006 թ. թիվ նք-163-Ն հրամանագրի թիվ 1 հավելվածի պահանջով՝ ԵԶՐԱՀԱՆԳԵՑ. դատապարտյալ Արմենակ Լևոնի Մնջոյանի պատշաճ վարքագիծը և նոր հանցագործություն կատարելու հավանականությունը բնորոշող հանգամանքների վերաբերյալ տալ բացասական եզրակացություն: 

«Հանձնաժողովի նախագահ Դանիել Մխեյան,  հանձնաժողովի անդամներ՝ Մհեր Խաչատրյան, Կարինե Քիշմիրյան, Մանուկ Սեմերջյան, Հրաչյա Պալյան, Եվգենիա Իվանովա»: 15 սեպտեմբերի, 2017 թ. ):
Նախ  որպեսզի հասկանալի լինի, թե իրականում ի՞նչ է թաքնված Մնջոյանի «պատշաճ վարքագծի» և «նոր հանցագործություն կատարելու հավանականության բնորոշման տակ», հարկ է դիտարկել 28 դեկտեմբեր 1994 թ. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահայտ ելույթի դրդապատճառները, որը ուղղված էր Հ.Յ.Դ կուսակցությանը, վերջինիս մեղադրելով միջազգային ահաբեկչության մեջ:
Քաղաքական պատվերների արդյունքում ՀՀ Գերագույն դատարանի 10 դեկտեմբերի 1996 թ-ի դատավճռով, ուր ազգային չորս գործիչներ և ազատամարտիկներ դատապարտվեցին մահապատժի և նույն դատավճռով էլ «Դրո» գաղտնի հետախուզական կառույցը միտումնավոր առկախ  թողնվեց Հ.Յ.Դ կուսակցությունից, սրանով իսկ հնարավորություն ստեղծելով այն վերստին կասեցնելու և վերսկսելու վհուկաորսը: Նախկին իշխանության գործունեության պատճառները շաղկապված էին 1993 թ-ի տեղի ունեցած գործընթացների և ձևավորվող միտումների մեջ: Դեռևս 1993 թ-ի հոկեմբերին, Ռուսաստանի քաղաքական վերնախավում գագաթնակետին էր հասել լարվածությունը ՌԴ նախագահ Բ. Ելցինի և խորհրդարանի միջև:
ՌԴ Գերագույն խորհրդի խոսնակ Ռուսլան Խասբուլատովը մի շարք գաղտնի համաձայնություններ էր ձեռք բերել Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերի հետ: Ըստ այդ համաձայնությունների, իր հաղթանակի պարագային Խասբուլատովը խոստացել էր դուրս բերել ռուս սահմանապահ զորախումբը Կովկասից: Ինչպես նաև թույլատրել էր Թուրքիային անսահմանափակ ներխուժում իրականացնել Հայաստան՝ քրդական հարցի լուծման պատրվակով, նաև Վրաստան՝ Աբխազիայի անվտանգությունը ապահովելու համար:
Հաջորդ ֆակտորը, որն առկա էր, դա  Կովկասյան տարածաշրջանում կարևոր գործոն հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջական հանձնումն էր Ադրբեջանին, որը լայն հնարավորություն էր տալիս Ռուսաստանի ռազմական ներկայությունն ու մասնակցությունը նավթային ծրագրերին: Սակայն Հ.Յ.Դ-Դրո ռազմական ներկայությունը տարածաշրջանում բավականին լուրջ խոչընդոտ էր հանդիսանում ինչպես ԼՂՀ-ի ազատագրված տարածքների հանձնմանը Ադրբեջանին, նույնպես էլ պանթուրքիզմի ներխուժմանը Կովկաս և դեպի Եվրոպա ընդարձակվելու ծրագրերին:
Հ.Յ.Դ – Դրո կառույցը նախատեսում էր Հայաստանի դուրս մղումը ռուսական կայսերապաշտական ազդեցության ոլորտից, ապահովելով չափավոր ինտեգրումը եվրոպական և արևմտյան կառույցներին: Այն ժամանակ մեր առջև դրված խնդիրներից էր նաև տարածաշրջանում հանդես գալ որպես երրորդ ուժի կրողն ու Հայաստանում կոնսերվատիվ հեղափոխության և կոնֆուցիական սկզբունքների ճանապարհով կայացնելու մի կողմից կենսունակ ազգային տնտեսութուն, տնտեսության ղեկավարման նոր մետեցումներով, իսկ մյուս կողմից էլ ապահովելու Հայաստան-Արցախի գործուն մասնակցությունը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացներում:
1994 թ-ին ՌԴ նախագահ Բ. Ելցինի վարչախումբը փորձեր ձեռնարկեց ունիվերսալ պետության ստեղծման ծրագրերի իրականացմանը, որտեղ և ՀՀ նախկին իշխանություններին պարտադրվեց ռուսական ծավալապաշտական էքսպանսիային խոչընդոտող միակ ռազմաքաղաքական ուժը՝ Հ.Յ.Դ-Դրո կառույցը չեզոքացնելու կարևորությունը: Սրան հետևեց ՌԴ հետախուզության դաշնային ծառայության (Հ.Դ.Ծ) հետախուզական վարչության 10-րդ բաժնի պետ Երմակովի հույժ գաղտնի հեռախոսագիրը, որով Հայաստանի հատուկ ծառայություններից պահանջվում էր ձերբակալել ցուցակով նշված անձանց:
Այսպես սկիզբ առավ Հ. Յ. Դ – Դրո քրեական գործի ստեղծարարական «չարարչագործությունը»: Սկիզբ առած գործընթացներին զուգահեռ անվտանգության մեկուսարանում դաժանաբար սպանվեց  ազատամարտին մասնակցած ազգային գործիչ Արտավազդ Մանուկյանը: Մինչդեռ արդեն Աթենքում դավադիր ահաբեկչության զոհ էր դարձել Հ. Յ. Դ առաջնորդ Հրայր Մարուխյանը: Այսպիսով վերջ էր դրվելու Հայաստանի անկախացմանն ու հայոց դարավոր երազանքների իրականացմանը…
Սակայն հարկ է հիշեցնել, որ միշտ էլ գտնվում են մարդկայհին այնպիսի տեսակներ, որոնք սեփական գոյության, իշխանության և հարստության համար պայքարում միշտ էլ ստրկական կախվածություն են ձեռք բերում իրենց իսկ շրջապատից և դրանից բխող մեծ ու փոքր վտանգներից: Մինչդեռ ազատ ապրելու, ստեղծագործելու Շնորհը ի վերուստ տրված է միայն նրանց, ովքեր կարողանում են հարմարվել ոչ թե պարտադրված պայմաններին  և օտարի կամքին, այլ հենց դրանց դեմ մղվող արդարացի պայքարին:
Օտարի պարտադրանքը հանդուրժող ստրուկը դժբախտ է, չարագործ և նենգ: Ազգային շահի գիտակցման նենգափոխումը սեփական շահի ու ազգային արժանապատվության փոխարեն իշխանատենչությունն ու փառամոլությունը բավարարելու մոլուցքը անընդունակ էր դարձրել զոհաբերություն պահանջող մեծ ու առաքինի գործերի: Այս տեսակը իր իսկ պետության համար է՛լ ավելի վտռանգավոր է, քան արտաքին թշնամիների սպառազեն քանակը: Սա՛ հասարակությանը օգտակար լինելու ունակությունը կորցրած այն միջակությունն է, որը իրեն տրված առաքելությունն ու իր անձը հանել է աճուըրդի և վաճառականացրել աստվածային, բարոյական, իրավական և օրենսդրական բոլոր իրավունքները:
Ես չեմ զղջում ազատագրական պայքարին իմ բերած մասնակցության և անցածս փառահեղ ճանապարհի համար: Այսօր էլ պատրաստ եմ շարունակելու իւմ հավատավոր ժողովրդի ազատագրման պայքարը: Եվ հենց սա՛ է իմ «պատշաճ վարքագծի» և «նոր հանցագործություն կատարելու հավանականությունը բնորոշող» իրական հանգամանքը, որին և վաղաժամկետ ազատման հարցերով անկախ հանձնաժողովը տվել է իրեն պարտադրված բացասական եզրակացությունը:
Արմենակ Լևոնի Մնջոյան՝
 Հ. Յ. Դ-Դրո գործով մահվան դատապարտված 
 09 հոկտեմբեր, 2017 թ.