Search
Close this search box.

Մեղադրանք Իջևանի քաղաքապետին

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Իջեւանի համայնքապետարանում կատարված առերեւույթ չարաշահումների դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին եւ ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իջեւան համայնքի ղեկավարը, 2011թ-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016թ. իր ընկերոջ կնոջը նշանակելով ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրեն, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ թույլատրել է նրան 2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը աշխատանքի չներկայանալ եւ չիրականացնել աշխատանքային պարտականությունները, քանի որ վերջինս 2017 թվականին տեղափոխվել է Երեւան քաղաք:

Արդյունքում ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենը, փաստացի աշխատանքի չներկայանալով եւ աշխատանքային պարտականությունները չկատարելով, յուրացրել է Իջեւանի համայնքապետարանի կողմից նշված ընկերությանը հատկացված դրամական միջոցներից նախատեսված՝ տնօրենի աշխատավարձի խոշոր չափերի գումարը՝ Իջեւանի համայնքապետարանին պատճառելով էական վնաս:

Բացի այդ, ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենը, լիազորություն ունենալով ընկերության աշխատակցի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու, աշխատանքից ազատելու, ինչպես նաեւ՝ իր պարտականությունները չկատարող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու, ՓԲԸ-ում որպես լրագրող աշխատող անձի կողմից 2016թ-ից մինչեւ 2018թ. աշխատանքի չներկայանալու եւ աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարելու պարագայում, հանձնարարել է հաշվարկել եւ լրագրողին վճարել է նշված ժամանակահատվածի համար սահմանված դրույքաչափերով նախատեսված լրագրողի աշխատավարձի ընդհանուր խոշոր չափերի գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իջեւան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: