Search
Close this search box.

Սողանքներ Լիսկայի ոտքերի տակ

Ավելի քան 10 տարի Սյունիքի մարզն իր բռի մեջ պահած ու երկու անգամ պաշտոնաթող եղած Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, քաղաքականության մեջ կենդանության նշույլներ կատարելու փորձեր է իրականացնում: Նա հայտարարել է, որ Գորիսի քաղաքապետի  ընտրությունում չի աջակցի Հանրապետականի 26-ամյա թեկնածու Առուշ Առուշանյանին:

Հիշեցնենք՝ երիտասարդ թեկնածուն առայժմ Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է և եթե այստեղ ֆորս մաժորային իրավիճակներ չստեղծվեն, ապա կասկած չկա, որ նա էլ կընտրվի Գորիսի քաղաքապետ: Լիսկայի ու Առուշ Առուշանյանի միջև հսկայական անդունդ կա գոյացած, որը տարիների վաղեմություն ունի: Բոլորի համար պարզ է, որ  Սուրիկ Խաչատրյանը հենց այդպես էլ պետք է ասեր, չնայած այն հանգամանքի, որ արդեն Գորիսում որևէ ազդեցության լծակ չունի և իր աջակցել-չաջակցելու մասին հայտարարությունն ընդամենը սեփական ներկայությունը ցույց տալու փորձ է, քանի որ վարչական ռեսուրսն ամբողջովին գտնվում է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ձեռքում, իսկ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» յուրաքանչյուր ընտրությանը «սարի պես կանգնած է» ՀՀԿ-ի մեջքին: Իսկ ՀՀԿ-ն պաշտպանում է Առուշ Առուշանյանի թեկնածությունը:

Տարիներ շարունակ Լիսկան պայքարում էր, որ Գորիսի քաղաքապետ կարգվեր իր որդին, հենց այդ նպատակով նա, 2016թ.-ին մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը,  Տիգրան Խաչատրյանին հագած-կապած բերեց Երևան ու քաղաքական էլիտայի հետ բարձրացրեց Եռաբլուր.  «Ես եմ ասում, մարդու վրա, որ շատ աչք ա լինում, այդ մարդն արդեն փորձանքների է հանդիպում»,-լրագրողներին նշեց Տիգրան Խաչատրյանը: «Վատ մարդկանց» աչքն այնքան շատ է, որ հիմա 7 կողպեքով փակ է անգամ Գորիսի քաղաքապետարան «մտնելու» կրտսեր Խաչատրյանի հնարավորությունը:

Հիմա, փաստորեն, լիակատար ֆիասկոյի առջև հայտնված Խաչատրյանների համար այս ընտրությունը կլինի նաև մարտահրավեր: Եթե Առուշ Առուշանյանը կանխատեսվածից քիչ կամ վտանգավոր սահմանագծին մոտ ձայներ ստանա, իսկ Սուրիկ Խաչատրյանը բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները կգործադրի դրա համար, ապա դա Լիսկայի թիմը կհամարի հաղթանակ՝ հետագայում ՀՀԿ-ից ինչ-որ ակնկալիքներ ունենալու հեռանկարով, հակառակ դեքպում՝ Սուրիկ Խաչատրյանն էլ իրեն էլ չի կարող չհամոզել, որ Սյունիքում իր ոտքերի տակից հողը փախել է:

ArmLife.am