Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Վայոց ձորում էր

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Ջերմուկ քաղաքում հետևել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ Հայաստանի շախմատի ակադեմիայի կազմակերպած Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլի ընթացքին, որն անցկացվում է ս.թ. հոկտեմբերի 4-15-ը «Ջերմուկ աշխարհ» նորակառույց հյուրանոցում:  Երեք փուլով ընթացող մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ արտերկրից և Հայաստանից:

Սերժ Սարգսյանը մրցաշարի ընթացքը դիտելուց հետո կարճատև շրջայց է կատարել առողջարանային համալիրում, ծանոթացել մրցաշարի մասնակիցների համար ստեղծված պայմաններին:

Հանրապետության Նախագահը հոկտեմբերի 7-ի առավոտյան տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի և կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ջերմուկում՝ դիտել քաղաքի ձախափնյա թաղամասում սկսված շինարարական աշխատանքների ընթացքը: Այս փուլում իրագործվող ծրագրերի շարքում նախատեսված են Ջերմուկի ձախափնյա թաղամասի բակային ճանապարհների ասֆալտապատում՝ եզրաքարերի տեղադրումով, քաղաքի ձախափնյա թաղամասի բնակելի շենքերի տանիքածածկույթի վերանորոգում՝ 1-ին փուլում թվով 20 շենքերի, Ջերմուկի քաղաքի աջափնյա թաղամասի բակային տարածքների, մասնավորապես՝ Շահումյան և Մյասնիկյան փողոցների շենքերի միացյալ բակային տարածքի բարեկարգում, ինչպես նաև քաղաքի նշված փողոցների շենքերի հարակից հենապատերի և աստիճանների վերակառուցում:

Նախագահին զեկուցվել է, որ բոլոր շինարարական և վերահսկողության աշխատանքների ավարտը, բացառությամբ տանիքաշինության ծրագրի, նախատեսված է ընթացիկ տարեվերջին: Ջերմուկ քաղաքի և հարակից տարածքների համապարփակ զարգացման ծրագրի նախապատրաստման վերաբերյալ Հանրապետության Նախագահի կողմից տրվել էր հանձնարարականներ դեռևս 2016թ. դեկտեմբերի 12-ին՝ Նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ: Սերժ Սարգսյանը հանձնարարել էր այդ աշխատանքներում ներառել նաև մասնավոր հատվածը, որպեսզի ծրագիրը դառնա ավելի ընդգրկուն և խորածավալ: Եռամսյա ժամկետում մշակվեց շուրջ 25 ծրագիր՝ ուղղված քաղաքի ենթակառուցվածքների, բնապահպանական, հանգստի, տուրիզմի խթանմանը, ինչպես նաև քաղաքի բնակչության կենցաղային պայմանների բարելավման խնդիրների լուծմանը: Ջերմուկում Նախագահ Սարգսյանը ծանոթացել է նաև աջափնյա թաղամասում և Կեչուտի ջրամբարի հարևանությամբ նախատեսված կառուցապատման ներդրումային ծրագրերի մշակման ընթացքին:

Ավարտելով աշխատանքային այցը Վայոց ձորի մարզում՝ Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Սյունիքի մարզ:

[smartslider3 slider=106]