Search
Close this search box.

Կփոխվի վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգը. այն հասանելի չի լինի շատերին

Վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագծով պարտադիր ուսուցում նախատեսվում է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների վարման իրավունքի վկայական ստանալու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Օրենքի նախագծով ուսուցում պահանջվում է միայն «C» կատեգորիայի /բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար: Հայաստանը պարտավորվել է վարորդական վկայականների տրամադրման կարգը համապատասխանեցնել Եվրապառլամենտի և Խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին, ուստի օրինագծի ընդունումը պայմանավորված է պարտավորությունը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ:

Բացի այդ՝ վարելու իրավունք ստանալու համար ուսուցման գործունեությունը լիցենզավորվելու է: Հայաստանը հիշյալ պարտավորությունները ստանձնել է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ կիրարկման ճանապարհային քարտեզով»:

Նշենք, որ ըստ «Ժամանակ» թերթի տեղեկությունների, ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագիծը, ըստ որի՝ այլևս բավարար չէ, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քաղաքացին հաջող հանձնի թեսթային և գործնական քննությունները: