Search
Close this search box.

Եթե բռունցքներով որևէ մեկ նկատմամբ հարձակում գործեի, ապա նա հիվանդանոցում կլիներ. Արտաշես Գեղամյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն անդրադառնալով իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպին նշել է, որ ոչ մի միջադեպ էլ չի եղել, իսկ եթե բռունցքներով որևէ մեկ նկատմամբ հարձակում գործեր, ապա նա հիվանդանոցում կհայտնվեր. «Ընդունենք՝ միջադեպ ա, եղել ա, 4 տարի էդ մարդու հետ հլը աշխատելու ենք, ինչի՞ եք բորբոքում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ա. Գեղամյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը բաժանելու խնդիր չուներ, որովհետև «գրկախառնություններ չեն եղել». «Կարդացել եմ, որ իմ հագուստի վրա կոշիկներ են փայլեցրել:  Նման բան չի եղել»,- ասաց Գեղամյանը՝ ընդգծելով, որ որպես հումոր իր դուրը եկել է այդ  հետաքրքիր հնարքը. «Ես համարում եմ, որ ընդհանրապես ԱԺ-ի ամբիոնից պետք է միայն ու միայն խոսել խնդրո առարկայի վերաբերյալ և երբեք չանդրադառնալ այս կամ այն անձին, այն էլ նմանակելու և մի քիչ, մի գուցե, տգեղ դրսևորումների միջոցով»,-նշեց նա:

Իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ լրագրողներին տեղեկացրեց, որ զրուցել է և Նիկոլ Փաշինյանի, և Արտաշես Գեղամյանի հետ. «Իմ անունից, և իմ կուսակցության անունից մի բան կարող եմ ասել՝ պատգամավորների կողմից ցանկացած ոչ կոռեկտ պահվածք՝ բռունցքներով խնդրի լուծում, անձնական վիրավորանք, անկախ նրանից՝ նրանք ընդդիմադիր, թե իշխանական խմբակցության անդամ են, անընդունելի է»,-նշեց նա՝ չհրապարակելով, թե ինչ է խոսել կողմերի հետ:

Ի դեպ, միջադեպի առնչությամբ «Ելք»-ը պատրաստվում է դիմել էթիկայի հանձնաժողով:

ArmLIfe.am