Search
Close this search box.

Կինը իր նորածին երեխային 4 օր միայնակ թողել է տանը (ֆոտո)

ՌԴ Յակուտսկ քաղաքի բնակչուհին երեք ամսական երեխային տանը չորս օր միայնակ է թողել: Փոքրիկին փրկել է ոստիկանությունը, և հիմա որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը: Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ մեջբերելով Ռուսաստանի ՆԳՆ «Յակուտսկոյե» միջմարզային վարչության մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Ապրիլի 3-ին՝ առավոտյան ժամը 7:00-ին, հերթապահ բաժանմունք հաղորդագրություն է ստացվել Պետրովսկիի փողոցում գտնվող բազմահարկ շենքի բնակչուհուց այն մասին, որ հարևան բնակարանից երեխայի լացի ձայն է լսվում:

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ստիպված է եղել բացել տան դուռը: Նման որոշման հիմք է ծառայել այն փաստը, որ տանտիրուհին նախկինում էլ վարչական պատասխանատվության է ենթարկվել ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու համար:

Ոստիկանները տանը հայտնաբերել են երեք ամսական երեխայի, որը պառկած է եղել բազմոցին: Փոքրիկը մենակ է եղել, կողքին դրված է եղել կաթի դատարկ շիշ: Շտապօգնության մեքենան նորածնին տեղափոխել է մանկական հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք: Տղա երեխայի մոտ երկար պառկած մնալու դիրքից մաշկային խնդիրներ են առաջացել:

«Պարզվել է, որ 37-ամյա կինն իր հետ վերցրել է մյուս երեխային, որը երեք տարեկան է, և տնից հեռացել է մարտի 30-ին: Նորածնին հետևելու խնամքը թողել է իր 31-ամյա եղբոր վրա, որը մի քանի անգամ դատապարտված է եղել դիտավորյալ առողջությանը ծանր վնաս հասցնելու և սպանության սպառնալիքի մեղադրանքներով: Որոշ ժամանակ անց մորեղբայրը ևս դադարել է հետևել երեխային»,- նշվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ մայրն ալկոհոլ է օգտագործել, և իր 3 տարեկան որդին ստիպված է եղել նրան ուղեկցել քաղաքի մի շարք հասցեներով:

Որոշվում է «Անչափահասի դաստիարակության պարտականությունները չկատարելու, նրա նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու» հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը: Նորածնին տեղափոխել են մանկատուն:

Բացի տվյալ երկու երեխաներից՝ կինն ունի նաև 10-ամյա որդի, որն ապրում է գյուղում գտնվող բարեկամների տանը: