Search
Close this search box.

Միլիարդների հասնող չարաշահումներ Հրազդանի քաղաքապետարանում.կան ձերբակալվածներ

Օրեր առաջ ձերբակալվել են Հրազդանի քաղաքապետարանի հարկային բաժնի նախկին պետն ու աշխատակիցները: 2018թ.-ին Հրազդանի քաղաքապետարանում արտաքին աուդիտը միլիոնների հասնող չարաշահումներ էր հայտնաբերել: Միայն հարկային բաժնում վերջին 2 տարում հայտնաբերել էին 138մլն. 534 հազար դրամի չարաշահում,- գրում է Հրապարակը

Հրազդանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյան հաստատեց տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չասաց: Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական նախկին բաժնի պետ Ռադիկ Հարությունյանը, որը եւս բարձրաձայնել էր Հրազդանի քաղաքապետարանում միլիոնների հասնող չարաշահումների մասին նշեց, որ եթե իր դիմումին նախորդ իշխանությունները ընթացք տային 2 տարի առաջ, ապա այսպիսի պատկեր չէր ստացվի. «Մարդիկ տարիներ շարունակ գույքահարկ են մուծել, սակայն հարկային բաժնի կողմից այն յուրացվել է: Հարկային բաժնի աշխատակիցները ձերբակալվել են հանրապետության դատախազի, ավագ քննիչ Իվանյանի եւ քննչական անձնակազմի մեղքով: Եթե 2 տարի առաջ չկաշառվեին եւ օբյեկտիվ քննություն կատարվեր, իմ բողոքը բացահայտած լինեին, էս մարդիկ նոր հանցագորոծություններ չէին անի, 2 երիտասարները չէին ձերբակալվի, եւ չէին դատվի: Ես հիմա էլ ասում եմ, ոչ թե 138 միլիոնի, այլ միլիարդի հասնող չարաշահումներ են եղել քաղաքապետարանում, որը չէր կարող տեղի ունենալ առանց Դանիելյան Արամի հովանավորությամբ: Դանիելյան Արամը ինձ տալիս էր թղթերը, ես դիմում էի դատարան, հետո պարզվում էր, որ մարդիկ տանում փող էին տալիս Դանիելյանին, իսկ հարկային բաժնի պետն էլ զրոյացնում էր պարտքերը: Սա է եղել տարիներ շարունակ Հրազդանի քաղաքապետարանում»- ասաց Ռադիկ Հարությունյանը:

Մեր նախորդ զրույցում Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը ասում էր, ովքեր մեղավոր են, թող պատասխան տան, այդ ամենը իրեն չի մտահոգում: