Search
Close this search box.

Իշխանությունները չեն կարող կասեցնել այս շարժումը․ Միքայել Աջապահյան. Hraparak

«Հրապարակը» գրում է. «Գյումրին հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ապրիլի 8-ին Աբովյան քաղաքում կմիանան «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության քայլերթին։ Մայիսի 5-ին էլ Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարեց, որ այս պահին Բագրատ Սրբազանը վերցրել է այդ շարժման առաջնորդությունը՝ ընդդիմանալու համար կեղծիքին, խաբեությանը, հրապարակային և մնայուն նվաստացմանը, պարտությունն իբրև դրոշակ դարձնելու և ծնկաչոք ապրելու գաղափարին։ Միքայել Սրբազանն ասաց, որ իր սիրելի եղբայրն ունի իր ամբողջական, մնայուն և անվերապահ սատարումը, և թե այդ սատարումն ինչպիսի տեսք կունենա գալիք օրերին՝ դա իր որոշելիքն է։

«Հրապարակը» կապ հաստատեց Միքայել Սրբազանի հետ, հասկանալու համար, արդյո՞ք ինքն էլ է միանալու Աբովյանից քայլերթին։

-Ձեր կոչից հետո ի՞նչ արձագանքներ եք ստացել։
-Ես ինչ արձագանք պիտի ստանայի, ես բան չեմ ասել, որ արձագանքներ ստանամ՝ նորմալ է ամեն ինչ։

-Դու՞ք էլ եք Աբովյանում միանալու «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությանը։
-Դժվար, ֆիզիկապես միանալու հարցը կորոշեմ ես՝ ուրիշ ոչ եք, իսկ ընդհանրապես շարժմանը վաղուց եմ միացել։ Որոշել եմ, բայց չեմ ասի։

-Շիրակի մարզը ամենաիշխանամետ մարզերից մեկն է համարվում։
-Ինչ անենք՝ մարդ են, սխալվելու հնարավորություն բոլորն էլ ունեն։

-Իսկ իրականության հետ առերեսվողների քանակը, ըստ Ձեզ, մեծացե՞լ է։
-Կմեծանա։

— Ձեր, Բագրատ Սրբազանի, եկեղեցու դեմ հակաքարոզչությունն ավելի ինտենսիվ ու ագրեսիվ է դարձել։
-Ես առանձնապես նոր բան չեմ նկատել։ Երեկ Հ1-ը ցույց տվեց ինչ-որ հիմարություն՝ այնտեղ բան չկար, ժպիտ հարուցող ինչ-որ հաղորդում էր։

-Հիմա էլ նոր թեզ են նետել դաշտ, իբր 44-օրյայի ժամանակ հոգևորականները Արցախում չեն եղել։
-Երևի իրենք են եղել, հիմա եթե մարդիկ եղել են՝ ինչ ասենք։

-Հարձակումների ինտենսիվությունը, շտապողականությունն ինչի՞ մասին է խոսում։
-Վախեցած են, անակնկալ է իրենց համար։

-Իրականությունից կտրվե՞լ էին, կարծում եք։
-Այո, իրենք թերագնահատում էին եկեղեցվո կարողությունները և հնարավորությունները։

-Եթե հանկարծ այս իշխանությունները կարողանան ինչ-որ ձևով կասեցնել շարժումը, դա ի՞նչ կնշանակի։
-Չեն կարող։ Այս շարժումը կարող է կասեցնել հասարակությունը, ժողովուրդը․ իշխանությունը չի կարող կասեցնել։

-Իսկ վախի մթնոլորտով չի՞ կարողանա ստիպել ժողովրդին հետ կանգնել պայքարից։
-Ոչ, ոչ։