Search
Close this search box.

Հայաստանում ուսուցիչների գործադուլն անխուսափելի է

Ուսուցիչներից առավել համարձակները բարձրաձայնում են, որ արդեն խեղդվում են խնդիրների մեջ, եւ եթե կառավարությունը չլսի իրենց ձայնը, ապա ստիպված դիմելու են բողոքի ծայրահեղ ձեւերից մեկին՝ գործադուլին:

Կարելի է կռահել, որ հիմա «հեղափոխության պահապանների զորաջոկատի» անդամները կշտապեն ասել, գրել, թե բա ուր էիք Սերժի ժամանակ, ինչու ծպտուններդ դուրս չէր գալիս կամ կասեն՝ հանգիստ նստեք տեղներդ:

Առավել քաղաքակիրթ հատվածը կասի, թե ուսուցչին ու բժշկին հարիր չէ խնդիրները գործադուլի միջոցով լուծելը:

Իհարկե, մեծ հարց է, թե Հայաստանում քանի համարձակ ուսուցիչ կգտնվի, որը կարողանա հանուն իր իրավունքի, առանց վերադասի թույլտվության բողոքի գործողություն անցկացնել, բայց որ այսօր ուսուցիչը խայտառակ վիչակում է ՝ փաստ է:

Մի տաղանդավոր, բայց հանրությանն անհայտ մի հայ ասել է. «Հայաստանցիները սիրով վճարում են հիվանդության մասին կեղծ տեղեկանք ձեռք բերելու, դիպլոմ գնելու համար, բայց չեն վճարում կամ դժկամությամբ են վճարում իրենց, իրենց երեխաների առողջության պահպանման եւ իրական կրթության ձեռք բերման համար»:

Մի փոքր ուշադիր լինելու դեպքում, որ կնկատենք, որ ապրում ենք հենց այս իրականությունում: Ծնողների գերակշիռ մասին չի հետաքրքրում, թե իրենց երեխաներին կրթող ուսուցչուհին որքան աշխատավարձ է ստանում, ինչ պայմաններում են սովորում իրենց երեխաները, ինչ դասասենյակներ, բուֆետ կամ ֆիզկուլտուրայի դահլիճ ունեն:

Ինչո՞ւ ենք զարմանում անտարբեր ծնողների վրա, երբ հենց ուսուցիչների ընտանիքի անդամները չեն հետաքրքրում, թե ինչ պայմաններում են աշխատում իրենց մայրերը, կանայք, երբմեն նաեւ որդիներն ու ամուսիները:

Հատուկ նրանց համար, ովքեր չգիտեն, ասենք, որ ուսուցիչների աշխատավարձը շատ ցածր է, շատ քիչ, խայտառակ ցածր, ամոթալի ցածր:

Մեկ դրույք, շաբաթական 22 ժամ ունեցող ուսուցիչը ամսեկան ստանում է ընդամենը 80 հազար դրամ: Ասենք, որ ոչ բոլոր ուսուցիչներն են այսքան դասաժամ ունենում:

Իսկ, օրինակ, 24 ժամ ունեցող, երեսուն տարվա աշխատանքային ստաժով, դասղեկական դասարան ունեցող, մեթոդ միավորման նախագահ ուսուցիչը ստանում է ընդամենը 123 հազար դրամ:

Այսպիսով, մենք մեր երեխաներին կրթող մարդուն օրական վճարում ենք 3 հազար 600 դրամ:

Հիմա հիշեք պարգեւավճարների մասին, որոնք ստացել են նախարարություններում եւ այլ պետական գերատեսչություններում, հիշեք ՊԵԿ նախագահի եւ փոխնախագահի աշխատավարձերը եւ փորձեք հասկանալ ուսուցիչներին:

Բնական է, որ այս իրավիճակում ուսուցիչները ցանկանում են, որ բարձրացվեն իրենց աշխատավարձերը, դասարանները համապատասխանեցվեն աշակերտների թվին, ուսուցիչներն ատեստացիա անցնեն եւ մշակեն գործիքակազմ՝ դպրոցը մաքրելու համար:

Վերջին անգամ ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 2008-ին: Իսկ առավել ստաժավոր ուսուցիչները հիշում են, թե ինչ պարբերակամությամբ էր իրենց աշխատավարձն աճում Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին:

Հիմա ուսուցիչներին պարգեւավճար էլ չեն տալիս, ավելին, նախարարն անակնկալ վազում է դպրոց, տեսնելու համար, թե հանկարծ ու հանկարծ ուսուցչին նվեր տալու համար փող հավաքել են, թե ոչ: Պատահական չէ, որ մասնավոր զրույցներում ուսուցիչներն ասում են, որ գործող նախարարը կարծես իրենց դեմ է աշխատում:

Այսօր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաեւ՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար»: Հիմա ուսուցիչը կկարդա եւ ինքն իր համար կոնկրետ քայլեր կանի եւ դասարան կվերադառնա, երբ մեկ դրույքի համար վճարվի ոչ թե 80 հազար, այլ առնվազն 350 հազար դրամ:

Եթե այսօրվա գների պայմաններում մենք ուսուցչին չենք կարողանում մեկ դրույքի համար վճարել գոնե 350 հազար դրամ, ապա մյուս բոլոր խոսակցությունները զարգացման, առաջընթացի, բարեկեցության մասին ավելորդություն են: