Search
Close this search box.

Թավշյա այլանդակություններ. Գագիկ Համբարյան

Թավշյա հեղափոխության հետևանքներից եղավ նաև այն այլանդակ բարքերի բացահայտումը, որոնք մինչև վերջերս շատերը հմտորեն թաքցնում էին և գերադասում էին չբարձրաձայնել:  Շատ այլանդակությունների կողքին ամենանողկալին այն է, երբ որդին տարրականորեն ուրանում է հորը և միևնույն ժամանակ էժանագին ձևով քծնում իշխանություններին, ավելի ճիշտ է ասել՝ Նիկոլ Փաշինյանին:

Խոսքը հացադուլ հայտարարած ազատամարտիկ Մհեր Մազմանյանի որդու մասին է,  որն իր ֆեյսբուքյան էջում, մեկնաբանելով հոր արարքը,  ոչ միայն խորհուրդ է տալիս լրագրողներին այդ թեմայի վերաբերյալ իրեն այլևս չդիմել,  քանի որ դա նրան չի հետաքրքրում, այլև բացատրում է անտեղյակներին, որ եղել է հեղափոխության մասնակից՝ Փաշինյանի կողքին և կլինի վերջինիս կողքին մինչև վերջ:  Սա վերջն է :  Այո՛, կարող են ծնողները երեխաների հետ լավ հարաբերություններ չունենալ, չունենալ նույն կարծիքն ինչ-որ հարցի վերաբերյալ,  բայց դրա մասին բացարձակ պարտադիր չէ, որ բոլորն իմանան:

Դե, քաղաքական քծնանքի մասին էլ չեմ ասում:  Կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ այս թեմային և այս տիպի նողկալի երևույթներից զերծ պահել մեզ:  Տարբեր հասարակություններ ապրել են այսպիսի ժամանակաշրջաններ, երբ որդիները ուրացել են ծնողներին և գովերգել առաջնորդներին.  Ֆաշիստական Գերմանիա, Ֆաշիստական Իտալիա, ԽՍՀՄ,  Հյուսիսային Կորեա,  Կուբա,  «Կարմիր քմերների» Կամբոջա,  Չինաստան և այլն: Չէի ցանկանա, որ մենք էլ ունենայինք “պավլիկ մորոզովներ”…

Հ.Գ. Թավշյա հեղափոխության հետ մեկտեղ ըմբոշխնում ենք որոշ թավշյա այլանդակության պտուղները…

Գագիկ Համբարյան