Search
Close this search box.

Համայնքային գրադարանների ներկան եւ ապագան (ֆոտո)

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս շաբաթ քննարկման առարկ էին համայնքային գրադարանները: Վիճակը ոլորտում մտահոգիչ է: Միայն անցյալ տարի  58  համայնքային գրադարան է փակվել:  Համայնքներ կան, որտեղ 7-9 գյուղերի համար միայն մեկ գրադարան է գործում: Մարդիկ փաստացի զրկված են գրադարանից օգտվելու իրավունքից:

Համացանցում վերջերս տեղեկություն տարածվեց: Վայոց Ձորի Հեր-հեր գյուղում համայնքների խոշորացման պատճառով փակվել էր համայնքային գրադարանը: Գյուղացիներին առաջարկել էին վերցնել գրքերը, որոնք իրենց պետք են: Ինչ մնացելէր, ուղղակի վառելէին…

Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժող. Արհեստների վարչության գլխավորմասնագետ Նազիկ Հովասափյանը հաստատում է: Գյուղի գրադարանավարից են իմացել:

<<Մենք գրություն ուղարկեցիքն տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, մեզ պատասխանեցին, որ համայնքը միավորվել է եւ գրադարանը գործում է խոշորացված համայնքում: Նրանք, իհարկե, չեն ասում, որ գրքերը այրել են , բայց դա փաստ է, որ պատմում էր ականատեսը>>,-ընդգծում է նա :

<<Մշակույթի նախարարությունը շատ հանգիստ հայտարարում է, որ գրքերը այրվել են: Ու  ոչ մի քայլ չի ձեռնարկվում…Բայց չէ որ  դա քրերորեն պատժելի արարք է: Գրադարանային հավաքածուն անկախ գտնվելու տեղից համարվում է  Հայաստանի մշակութային ժառանգության անբաժանելի մասը եւ  ինչ որ մի սուբյեկտ, որին ՏԻՄ օրենքով տրված է մշակութային այդ ժառանգությունը տնօրինելու խնդիրը, հանկարծ որոշում է, որ ինքը կարող է գիրքը այրել>>,-վրդովվում է  Երեւանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:

<<Համայնքային գրադարանները մշակույթի նախարարության ենթակայության տակ չեն եւ ենթակվում են համայնքին: Մշակույթի նախարարությունը այստեղ  որեւէ լիազորություն կամ իրավասություն չունի:Ընդ որում Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում ընդամենը մի թռուցիկ, ընդհանուր  կետով է նշված համայնքապետերի իրավունքը գրադարանների, դպրոցների, մանկապարտեզների   վերաբերյալ>>,- հակադարձում է Նազիկ Հովասափյանը: Համայնքային գրադարանների համար պետբյուջեից գումար չի հատկացվում, համայնքի ավագանին ինքն է որոշում համայնքում գրադարանը կգործի, թե՝  ոչ եւ քանի հաստիք կունենա: Եւ քանի որ բոլորիս է հայտնի ինչպիսին է համայնքային բյուջեն, համայնքի ղեկավարները ուղղակի նախընտրում են փակել գրադարանը:

<<Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ համայնքների խոշորացման դեպքում գրադարանների խնդրին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, դա դարձել է ինքնաբերաբար լուծվող հարց: Գրադարանավարի, առանց այն էլ շատ փոքր աշխատավարձը, ավելորդ շռայլություն է համարվում: Ճամբարակի գրադարանավարին , օրինակ,  երբ  դժգոհել էր  ցածր աշխատավարձից,  աշխատանքից ազատվել էին:  Համայնքապետը ասել էր, այդ գումարով ճանապարհների փոսերը կլցնենք…. Շատ գյուղերում գյուղապետը ասում է՝  ես մեծ գործ եմ արել, գրադարանը փակել եմ եւ ֆոնդը հանձնել դպրոցին: Բայց չ՞է որ դպրոցի խնդիրը ուրիշ է, համայնքի գրադարանի խնդիրը՝ բոլորովին ուրիշ: Ոչ մի գյուղի մարդ չի գնա դպրոցի գրադարանից գիրք վերցնի>>,- ասում է գրադարանային ասոցիացիայի  փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը:

Քննարկմանը ներկա են նաեւ մայրաքաղաքի վարչական շրջանների գրադարանների տնօրեններ: Նրանք նկատում են, մայրաքաղաքում գյուղական համայնքերի համեմատ վիճակը բարվոք է, բայց բավարար անվանել չես կարող:

<<Այսօր գրադարանները շատ լուրջ խնդիրներ ունեն: Մութ ու ցուրտ տարիները հաղթահարելուց հետո, թվաց՝ խնդիրները կլուծվեն: Գրադարանները վերանորոգվեցին, կարծում էինք որոշ խնդիրներ կլուծվեն, բայց այսօր ի՞նչ ունենք: Հին գույք, չհամալրվող ֆոնդեր, ֆինանսական սուղ միջոցներ: Մեր ձեռքով ենք ուզում ինչ- որ բան անել, ներկում ենք, վերանորոգում ենք, որպեսզի կարողանանք հաճելի դարձնել միջավայրը, որ ընթերցող չկորցնենք: Պետական լուրջ մոտեցում է անհրաժեշտ: Գրադարանը պետք է վերագտնի նախկինում ունեցած կրթական նշանակությունը: Դրա համար առաջնահերթ պայման է ֆոնդերի համալրումը, կադրերի վերապատրաստումը>>,- ընդգծում է  Շենգավիթ վարչական շրջանի  թիվ 17 գրադարանի տնօրեն Սոֆյա Խաչատրյանը:

<<Վարչական շրջանների գրադարանների մեծ մասը գտնվում են մանկապարտեզների շենքի որոշակի հատվածներում, բարձրահարկ շենքերի տակ, որը գրադարանին հարիր վիճակ չէ: Մեր գրադարանը, օրինակ, ամբողջ շենքի խնդիրն է պարտավորված լուծել, որովհետեւ գրքերը խոնավանում են, փչանում են: Գրադարաններին պետք է հատկացվեն առանձին շենքեր եւ լինեն ցուցանակներ: Մարդիկ չեն իմանում, որտեղ է գրադարանը, ուր մնաց ցանկություն հայտնեն մասնակցելու այնտեղ կազմակերպվող միջոցառումներին>>,- ավելացնում է Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի գրադարանային համալիրի տնօրեն Ծովինար Մելոյանը:

Ակնհայտ է, որ ոլորտում խնդիրներ կան, որ անհետաձգելի լուծման կարիք ունեն: Որտե՞ղ է լուծումը: Գրադարանային գործիչները համակարծիք են՝ համակարգային մոտեցում է անհրաժեշտ: Գրադարանը պետք է լինի պետական հոգածության ներքո: Համալրվի նյութատեխնիկական բազայով, նոր գրականությամբ: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ընթերցողների բերել գրադարան եւ վերականգնել դրա երբեմնի կրթական, մշակութային նշանակությունը:

<<Գրադարանների եւ հատկապես համայնքային գրադարաններին վերաբերող հարցերը շատ են, խնդիրները բազմազան: Համակարգային լուծումների անհրաժեշտություն կա: Առաջնահերթ լուծումը Հայաստանի մշակութային քաղաքականության ձեւավորումն է: Ընդգծում եմ՝ ձեւավորումը, ոչ   թե ամրապնդումը:  Կամ գրադարանները պետք է մշակույթի նախարարության ենթակայության տակ լինեն, կամ ՏԻՄ-երը, որոնց ենթակայության տակ են այսօր համայնքային գրադարանները, պետք է ուժեղ լինեն ու ճիշտ քաղաքականություն վարեն>>,- կարծիք է հայտնում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գիտքարտուղար Մադլեն Հովսեփյանը:

<<Մշակույթի նախարարությունը կարող է աջակցել միայն այն գրադարաններին, որոնք հավատարմագրված են եւ հանրային գրադարանի կարգավիճակ են ստացել: Այս պահին կա 25 գրադարան, որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ՝ գրադարան ՀՈԱԿ են:Նյութատեխնիկական բազայի զարգացման ծրագրով դրանք  վերազինվել են: Ամենաքիչը չորս համակարգիչ են ստացել, նոր ձեւավորված համակարգչային ընթերցասրահ, մեկ տարի անվճար ինտերնետ կապ, նոր կահույք: Այդ գրադարանները համալրվել են նաեւ գրականությամբ՝ պետական աջակցությամբ հրատարակված գրքերով>>,- պատմում է Նազիկ Հովասափյանը:

Հարց է առաջանում, ինչո՞ւ այդ դեպքում բոլոր  գրադարանները չեն հավատարմագրվում եւ իրավաբանական անձի կարգավիճակ չեն ստանում:  Պարզվում է, ՏԻՄ օրենքով, եթե գրադարանը  իրավաբանական անձի կարգավիճակ է ստանում, տարեկան բյուջեում  յուրաքանչյուր համայնք արդեն որոշակի գումար պետք է նախատեսի: Հաշվապահի, հավաքարարի եւ այլ հաստիքներ պետք է ավելացվեն: Որոշ համայնքապետեր նախընտրում են ուղղակի կազմալուծել կառույցը եւ վերջ:

Քննարկումն ամփոփում է նախաձեռնության հիմնադիր- ղեկավար Գեւորգ Թադեւոսյանը:

<<21-րդ դարում գիրք է վառվում, դա սարսափելի է եւ մենք  այդ մասին ուղղակի խոսում ենք… ոչ ոքի մտքով չի անցել գնալ ու անձամբ տեսնել ինչ է կատարվում: Այն  ժամանակ, երբ գրադարանավարները, գրադարանի տնօրենները կմիավորվեն, ասելիք կունենան ու տեր կկանգնեն այդ ասելիքին՝ ոչ մի չինովնիկի մտքով չի անցնի չլսել նրանց>>,- ասում է նա ու առաջարկում համայնքային գրադարանների թեման մշտական քննարկումների առարկա դարձնել, կազմել ծրագրեր, գտնել լուծումներ ու ներկայացնել պատկան մարմիններին: