Search
Close this search box.

Ինչու է Փաշինյանը ինձ ստիպում ենթարկվել Սեյրան Օհանյանի առաջին տեղակալի հրամաններին

Ընտրություններն ավարտված են, սևերը՝ ջախջախված, հեղափոխությունը՝ հաղթանակած ու հիմա, երբ կրքերը հանդարտվել են, լավ կլիներ, որ զինված ուժերի գերագույն հրամանատարը պարզաբաներ, թե ինչ է ուզում բանակից, ու առհասարակ ինչ է կատարվում երկրի ուժային բլոկում:

Սա նախևառաջ հետաքրքիր է զինված ուժերում հիմա ներգրավված 65 հազար մեր եղբայրներին ու քույրերին, ինչպես նաև 210 000 պահեստազորայիններիս, ում երբեմն-երբեմն խաղաղ և պատերազմական ժամանակ երկիրը ծանուցագիր է ուղարկում ու համազգեստ հագցնում:

2018 թվականի մայիսիից ինձ մի հարց է տանջում՝ ո՞վ է Արմեն Գրիգորյանը: Ինչու՞ է այդ տղան ղեկավարում երկրի պաշտպանության հիմնական ուղղությունները սահմանող Անվտանգության խորհուրդը: Որքանո՞վ են Counterpart և Transparency International-ներում, «Քաղաքացի դիտորդ»-ում կամ մեր սիրելի գործընկեր Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբում նրա գուցե և բացառիկ նվաճումները համատեղելի անձամբ իմ ապրելու և մեռնելու հարցում ձայնի իրավունք ունենալու հետ: Չեմ վիճում, հարցնում եմ: Իրոք հետաքրքիր է:

Որքանո՞վ է նույն հարցում՝ ապրելուս ու մեռնելուս հարցում, հասկանալի ԱԱԾ այն գնդապետի և արդարադատության առաջին դասի այն խորհրդականի ձայնի իրավունքը, ում անփութության պատճառով ինչ-որ մեկը կարող է գլուխ գովալ, թե միանգամից 2 հատուկ ծառայության ղեկավարի է կարողացել գաղտնալսել: Ու երբ սա մեկնաբանելիս ինչ-որ մեկն ասում է, թե՝ թեթև տարեք, Մերկելին էլ են գաղտնալսել, հետս տեղի է ունենում ուղիղ այն, ինչը, ըստ ՀՔԾ գաղտնալսված պետի, Ռոբերտ Քոչարյանի հետ տեղի ունեցավ, երբ իմացավ, որ իրեն կալանավորում են: Այ հենց էդ նույն բանից:

Մերկելի հերն էլ անիծած: Նրա երկիրը 2 ճակատով իր պատերազմն արդեն վարել է: Մերը դեռ առջևում է, ու մեզ պարտության դեպքում, ի տարբերություն Մերկելի հայրենակիցների, չեն խնայելու:

Էլի հարց՝ ինչու՞ է հեղափոխությունից հետո, 30 տարվա «Եգիպտոսից ու անապատից հետո», երբ գաղջը գնաց վերջնականապես ու անբեկանելիորեն, Նիկոլ Փաշինյանը ստիպում ինձ զորակոչվելու դեպքում ենթարկվել Սեյրան Օհանյանի առաջին տեղակալի հրամաններին: Ինչու՞ է բանակը վստահվել մեկին, ում (ի թիվս այլոց) պատճառով 2016 թվականի ապրիլի 6-ին այն իր ընթացքը չի ավարտել Կուր գետի ափին, ինչպես նախատեսված էր:

Ու երբ սա մեկնաբանելիս ինչ-որ մեկն ասում է, թե պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կապ չի ունեցել մարտական գործողությունների պլանավորվան ու վարման, ինչպես նաև նախորդող շրջանում բանակում ու երկրում տիրած (զորամասային լեզվով ասած) պոռնոյի հետ ու անզոր է եղել ազդել հանցավոր ռեժիմի քաղաքականության վրա, հետս կրկին տեղի է ունենում ուղիղ այն, ինչը՝ ըստ ՀՔԾ գաղտնալսված պետի… մի խոսքով:

Մենք սպայի մասին ենք խոսում, ով եթե քաղաքական ղեկավարության կողմից պղծություն է տեսնում, գնում է (մեղա Աստծո) ռազմական հեղաշրջման, ինչպես Թուրքիայում է, որն իր սպաների ողնաշարի հաշվին է դարձել այն, ինչ դարձել է: Ողնաշարը՝ հատկապես նախարար-փոխնախարարներինը, հանդիսավոր երթեր ընդունելիս զգաստ կանգնած պատվի առնելու համար չէ միայն, ինչպես և անձնական ատրճանակը՝ փայլեցնել տեղը դնելու:

Երբ սպան անզոր է՝ հագնում է շքերթի համազգեստը, շքանշանները, սպիտակ ձեռնոցները, փայլեցնում կոշիկներն ու վերջին անգամ ի գործ դնում այն, ինչը փայլեցնել տեղը դնելու համար չէ միայն:

Անցած շաբաթ բանակից հեռացվեց գեներալ Լևոն Մնացականյանը: Ինչու՞: Լուրջ, ինչի՞ համար: Եթե ապրիլյան անհաջողությունների էջը վերջնականապես փակելու, ապա այդ դեպքում, կներեք կրկնվելու համար, ինչու՞ է Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարար: Ինչու՞ է քառօրյա մարտերի ժամանակ հետախուզության պետ ծառայած գեներալ Կարապետյանը նշանակվում վարչապետի խորհրդական:

Պետության կադրային քաղաքականությունը բացի ամեն ինչից, նաև մեսիջ է ուղղված մարդկանց կյանքի նախընտրելի մոդելի վերաբերյալ: Օրինակ, երբ Սերժ Սարգսյանն աճեցնում էր Շարմազանովին, Կարեն Ավագյանին ու Աշոտյանին, ում հետ համարյա սերնդակիցներ ենք, դրանով ասում էր մեզ` այն ժամանակ ջահելներիս. «Եղե՛ք Շարմազանովի, Աշոտյանի ու Ավագյանի պես»:

Հիմա Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է ասում ջահել սպային: Ասու՞մ է եղի՛ր Դավիթ Տոնոյանի ու Արշակ Կարապետյանի պես և մի՛ եղիր Լևոն Մնացականյանի պես: Ճի՞շտ եմ հասկանում:

Անկեղծ ասած ապրիլից հետո գեներալներից և ոչ մեկի համար ուշքս չի գնում, բայց զուտ մարդկային կգերադասեի, որ խրամատի հարևան «յաչեյկա»-ում (հիպոթետիկ, անհավանական իրավիճակ) այլ տարբերակների բացակայության պարագայում թվարկվածներից հենց Ռիժի Լյովը լիներ: Կամ գուցե, ինչ-որ լուրջ բան կա, որ մենք չգիտենք: Ու հենց դրա համար է անհրաժեշտ, որ գերագույն հրամանատարը պարզաբանի զորքին իր գործողությունները:

Ու, որ այսքան անկեղծացանք, սա էլ թող հնչի` նոր իշխանությունը դատում է նախկին հրամանատարներ շարքային Քոչարյանին, գեներալներ Գրիգորյանին և Խաչատուրովին: Լավ է անում: Բայց փաստորեն ստացվում է, որ գեներալ Մանվելը նստելու է ընդամենը «կակոյնիբուձ» տուշոնկայի, Խաչատուրովը հրամանը նամուսով կատարելու, իսկ Քոչարյանը իր կենսագրության բազմաթիվ, այսպես ասենք, վիճելի դրվագների փոխարեն նստելու այն բանի համար, որ չտվեց իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանին, ով գալիս էր ազատագրված տարածքները թուրքերին հանձնելու ու հիմա էլ կահնձնի, եթե ձեռքը ճար լինի:

Ի՞նչն ենք դատում:

Ինչպես ասում են, սիրում եմ բոլորիդ, հպարտանում բոլորովդ (Անկեղծ, առանց հեգնանքի: Վաղը չգիտեմ ինչպես է լինելու, բայց այսօրվա, երեկվա, և նախորդ 7 ամիսների բոլոր օրերի պես լավ օրեր վերջին 700 տարիներին քիչ ենք ունեցել, ու այդ օրերի համար հոգաչափ շնորհակալ եմ), բայց երբ խոսքը վաղվա օրվա մասին է, վաղը իմ ապրելու ու մեռնելու հարցի մասին, պահանջում եմ լինել հնարավորինս շրջահայաց ու բծախնդիր, հատկապես այդ հարցում ձայնի իրավունք ստացողների մասով:

Գարեգին Խումարյան