Search
Close this search box.

Հակահեղափոխության մասին քարոզչական հնարքներն ու միֆերն այլեւս ակտուալ չեն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած հանդիպումը եւ հանդիպման արդյունքում ստորագրված հուշագիրը մեկ բառով կարելի է անվանել՝ որպես երկրում առկա քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու առարկայական փորձ:

Հոկտեմբերի 2–ին տեղի ունեցած իրադարձություններից հետո կար վտանգ, որ քաղաքական ջրաբաժանները կարող են խորանալ, եւ մենք բոլորովս դրանից դուրս գալ չենք կարողանա: Հայտնի հանդիպումը, սակայն, ցույց տվեց, որ բոլոր կամուրջները չէ, որ այրված են:

Հատկապես հատկանշական է ստորագրված հուշագրի 3–րդ կետը, որով կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ:

Առաջին հայացքից սիմվոլիկ թվացող այս արձանագրումն, իրականում, շատ կարեւոր ձեռքբերում է ներկայիս քաղաքական իրավիճակում: Այս կետով, ըստ էության, խաչ է քաշվում Երեւանի ավագանու ընտրություններում դոմինանտ դարձած հակաքարոզչության տրամաբանության վրա եւ սահմանվում են նոր խաղի կանոններ:

Փաստացի այդ կետը ի ցույց է դնում, որ հակահեղափոխության մասին քարոզչական հնարքներն ու միֆերն այլեւս ակտուալ չեն, ինչը միանշանակորեն ճանապարհ է բացում նոր քաղաքական դիսկուրս ունենալու համար, դիսկուրս, որտեղ կենտրոնականը կլինի ոչ թե հակաքարոզչությունը, այլ կառուցողական քննադատությունը:

Իհարկե, ցանկացած քարոզարշավ ենթադրում է առճակատում եւ կոշտություն, առանց այս կոմպոնենտների դժվար է պատկերացնել քաղաքական պայքարն աշխարհի որեւէ, նույնիսկ ամենակայացած երկրում: Այլ հարց է, թե որն է այդ կոշտության սահմանն ու նպատակը՝ միմյանց ոչնչացնե՞լը, թե՞ իրար դեմ պայքարելով՝ ծրագրային, գաղափարական մոտեցումների առավելությունները հասարակությանը ցույց տալը:

Հատկապես հիմա, երբ նույնիսկ հանրապետականներից շատերը պատրաստակամություն են հայտնել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու եւ ՀՀԿ–ն որպես խմբակցություն այլեւս փոքրամասնություն է, հակահեղափոխության մասին խոսելու որեւէ առարկայական նյութ չկա:

Ինչքան էլ տարօրինակ թվա, բայց այժմ, երբ հակահեղափոխության պոտենցիալն ու հումքը այլեւս բոլոր մակարդակներում մարգինալացված է, սկսվում է հեղափոխության ամենադժվար փուլը՝ աշխատելու, ստեղծելու, պոզիտիվ օրակարգեր առաջ քաշելու փուլը:

Շատերին, այդ թվում հեղափոխության առաջամարտիկներին կարող է թվալ, թե հեղափոխությունը խորհրդարանական ընտրություններում իր մրցակիցներին հաղթելուց հետո հայտնվելու է խաղաղ մի հանգրվանում, ինչից հետո կյանքը կարգավորվելու է ինքնզինքն: Ցավոք, իսկ իրականում բարեբախտաբար, այդպես չէ»: