Search
Close this search box.

Նոր սկանդալ-բացահայտում․ նարկոդիսպանսերում հաշվառված խորհրդականի մասին նյութը Ավինյա՞նն է փորձել հեռացնել համացանցից

Կրկին Ֆեյսբուքում ու կրկին հերթական սկանդալն է հասունանում, բայց այս անգամ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ։ Հեղափոխությունից հետո, երբ փոխվարչապետը խորհրդական նշանակեց Գեորգի Մուրադյանին, մամուլը հնարավոր ու անհնարին բոլոր լծակներով արձագանքեց՝ Մուրադյանը հեռավոր 2007-ին անցել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մի գործով, դատապարտվել, այնուհետև ազատ է արձակվել։ Սրան հաջորդեցին հերքումներ ու պարզաբանումներ, բայց երկուստեք պարզ էր, որ խորհրդականի անունը կապվում է այդ գործի հետ։

Երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանին, ով այս օրերին Ընտրական օրենսգիրքը շուրջ փոփոխություններն է համակարգում, պատկանող կայքում՝ sut.am-ում զետեղվել էր լրագրող Տիրայր Մուրադյանի հետաքննությունը այս դեպքի առնչությամբ։ Հրապարակման մեջ լրագրողը ստուգել էր, թե ինչ է իրականում տեղի ունեցել 2007 թվականին և դրանից հետո առանձնապես խոշոր չափերի (շուրջ138.97 գրամ) թմրանյութի մաքսանենգության գործի շուջ: Ավելի քան մեկ ամիս նամակագրություն ունենալուց հետո դատարանների արխիվներից կարողացել էին ձեռք բերել Գեորգի Մուրադյանի վերաբերյալ կայացված որոշումներն ու վճիռները: Այնուհետև երկար-բարակ մանրամասնելուց հետո, կայքը գրել էր, թե կառավարության իր աշխատասենյակում Գեորգի Մուրադյանի հետ մոտ 30 րոպե տևած զրույցում հաստատվել է այն տեղեկությունը, որ Մուրադյանը հաշվառված է եղել նարկոլոգիական դիսպանսերում:

Գեորգի Մուրադյանին, ով ժամանակին եղել է նաև ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի օգնականը, նոր կառավարությունում աշխատանքի է հրավիրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Հրապարակումից ժամեր անց sut.am կայքից հեռացվեց հրապարակումը։ Սակայն սոցցանցը, ինչպես ասում են, իր վատությունն արեց։ Նյութը որոշ օգտատերեր ու կայքեր արտատպել են և այն ակտրվորեն շրջանառվում է համացանցում ։ Իսկ ամենաուշագրավն այն է, որ նյութի հեռացվելուց հետո հետաքննության հեղինակ Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փոխվարչապետ Տիգրան Ավինյան, դուք փչացրեցիք ուրբաթ երեկոս: Ձեզ շատ անդուր շաբաթ առավոտ եմ երաշխավորում»։ Ի դեպ, այս մասով ոչ Տիգրան Ավինյանը, ոչ էլ Դանիել Իոաննիսյանը որևէ մեկնաբանություն չեն տվել։

Արամայիս Հայրապետյան