Search
Close this search box.

Հայաստանում այլևս օլիգարխներ չկան. Հակոբ Հակոբյան

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի հետ.

-Պարոն Հակոբյան, թավշյա հեղափոխության հաղթանակից հետո շատ է խոսվում այն մասին, որ նոր խորհրդարանում և ընդհանրապես իշխանական համակարգում օլիգարխիան տեղ չպետք է ունենա, պետք է իրականացվի իշխանության ապաօլիգարխացում: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ գաղափարին:

-Հեղափոխության հաղթանակից հետո մեր երկրում այլևս օլիգարխներ չկան, որովհետև օլիգարխիան ստեղծում է իշխանությունը, և իշխանությունն էլ վերացնում է օլիգարխիային: Եթե մի նախադասությամբ բնորոշենք, թե ինչ է օլիգարխը, ապա կարող ենք ասել, որ օլիգարխը այն խոշոր գործարարն է, որը տվյալ պահին իշխանության կողմից օժտված է արտոնություններով, և կարողանում է ազդել իշխանության կայացրած որոշումների վրա: Եթե նոր իշխանությունները զրկել են այդ մարդկանց արտոնություններից և թույլ չեն տալիս, որ նրանք ազդեն որոշումների կայացման վրա, ապա կարող ենք արձանագրել, որ մեր երկրում օլիգարխներ չկա, կան շարքային գործարարներ: Իսկ եթե չկան օլիգարխներ, անիմաստ է խոսել նրանցից իշխանությունը մաքրելու մասին, դա արդեն տեղի է ունեցել:

-Ապաօլիգարխացման տակ հասկացվում է բիզնեսի և քաղաքականության տարանջատումը, որպեսզի բիզնեսն ազդեցություն չունենա քաղաքականության վրա, գործարարները չլինեն խորհրդարանում:

-Տեսեք, մեր երկրի Սահմանադրությամբ արգելվում է քաղաքականությամբ զբաղվել ոստիկաններին, դատախազներին, զինվորականներին, ԱԱԾ աշխատակիցներին, ԴԱՀԿ աշխատակիցներին ու էլի բազմաթիվ նման ուժային կառույցների հետ կապ ունեցող մասնագիտությունների տեր մարդկանց: Ասում են, որ գործարարությամբ զբաղվող մարդիկ ևս չպետք է լինեն խորհրդարանում: Իսկ ովքեր են գործարարները՝ գյուղացիությունից սկսած մինչև անասնապահ, կոշկակարից մինչև տոնավաճառի առևտրական՝ գործարար են, և մենք այդ մարդկանց ևս զրկում ենք իրենց շահերը երկրի օրենսդիր իշխանությունում ներկայացնելուց: Տակը մնում են չինովնիկներն ու բյուջետային հիմնարկների աշխատողները: Խորհրդարանը ներկայացուցչական մարմին է, իսկ դա նշանակում է, որ այնտեղ պետք է ներկայացված լինեն հասարակության բոլոր շերտերը, պետք է պաշտպանված լինեն բոլոր շերտերի շահերը: Ինչպես կարելի է բիզնեսում հաջողություներ ունեցած, իրենց կազմակերպչական ընդունակություններով աչքի ընկած մարդկանց թույլ չտալ լինել խորհրդարանում: Այդ մարդիկ տնտեսության կազմակերպման փորձ ունեն, և  նրանցից յուրաքանչյուրը կարողացել է ապացուցել, որ ինքը լավ կառավարիչ է: Ինչպես կարելի է ասել, որ երիտասարդ ու անփորձ մարդը կարող է երկիր կառավարել, իսկ այն մարդը՝ ով գործով է ապացուցել իր ընդունակությունները կառավարման ոլորտում, պետք է մեկուսացվի: Ես հիշում եմ իմ երիտասարդ տարիները և կարող եմ ասել, որ շատ սխալներ եմ գործել անփորձության պատճառով ու դրանց վրա սովորել: Բայց պետությունը փորձադաշտ չի, որ մարդիկ սխալներ գործեն ու սովորեն, մենք սխալվելու ժամանակ չունենք:

-Հիմա ի՞նչ պետք է փոխել Սահմանադրությունը և թույլ տալ, որ մարդը և գործարար լինի և օրենսդիր, և կարողանա իր դիրքը օգտագործելով` օրենքները համապատասխանեցնի իր բիզնես շահերին:

-Ես չեմ ասում, որ մարդը պետք է և բիզնեսով զբաղվի, և պատգամավոր լինի: Սահմանադրությունն արգելում է, և այդ արգելքը պետք է գործի: Գործարարը կարող է իր բիզնեսի կառավարումը հանձնել իր ընտանիքի որևէ անդամի կամ այլ անձի, մարդուն սեփականություն ունենալու իրավունքից չի կարելի զրկել, եթե այդ ճանապարհով գնանք, ուրեմն պետք է պատգամավոր դառնան միայն ունեզուրկները, ովքեր ոչինչ չունեն: Ինչ վերաբերում է մանդատը սեփական շահերին ծառայեցնելուն, ապա չի կարող այնպես լինել, որ գործարարները մեծամասնություն կազմեն Ազգային ժողովում, նրանք ընդամենը հասարակության մի փոքր մասն են, և եթե ընտրություններն արդար են ու առանց ընտրակաշառքի, գործարարներն էլ խորհրդարանում փոքր թվով կլինեն: Իմ ասածն այն է, որ չի կարելի ասել, այս մարդկանց չի կարելի լինել խորհրդարանում, իսկ սրանց կարելի է: Ինչ է, ՀՀԿ-ի ժամանակները հետ են եկել: Ես չեմ մոռանում, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններում իշխանությունը ինձ չգրանցեց թեկնածու, որովհետև ասում էին` Հակոբ Հակոբյանը չպետք է լինի պատգամավոր, պետք է լինի Սեյրան Սարոյանը: Հասարակությունը, ընտորղները պետք է որոշեն, թե ով պետք է լինի պատգամավոր,  իսկ ով` ոչ:

-Ինչպե՞ս եք գնահատում բիզնես միջավայրը նոր իրավիճակում, Հայաստանում իսկապես բիզնեսի համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել:

-Նոր իշխանությունները հայտարարում են, որ այլևս սահմանափակումներ չեն լինելու, և բոլորը գործելու են հավասար դաշտում: Դա, իհարկե, դրական կազդի բիզնեսի վրա: Բայց այս պահին գործարարների մոտ մի փոքր անվստահություն կա, քանի որ ստուգումների մթնոլորտը մարդկանց մոտ լարվածություն է առաջացնում: Հույս ունենանք, որ այդ մթնոլորտը շատ կարճ ժամանակում կվերանա և մարդիկ կկարողանան զբաղվել ստեղծագործ աշխատանքով:

ArmLife.am