Search
Close this search box.

«Ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժի կիրառումն ընդունելի չեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում». Ֆրանսիայի ԱԳ նախարար

«Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է: Մենք վճռական ենք շարունակելու մեր դերակատարությունը»,- այսօր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը: Նա նշել է, որ ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժի կիրառումն ընդունելի չեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

«Մենք կպաշտպանենք յուրաքանչյուր նախաձեռնություն, որ թույլ կտա առաջ գնալ հարցի լուծման ուղղությամբ և պահպանել խաղաղություն և կայունություն տարածաշրջանում»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ իր հերթին հավելել է, որ Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի կողմից գործադրվող միջնորդական ջանքերը ԵԱՀԿ մյուս համանախագահ երկրների` Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին՝ ԼՂ խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Խոսելով Հայաստանում ժողովրդավարության մասին՝ Ժան-Իվ Լը Դրիանը նշել է, որ Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ օգնելով կառուցել իր ժողովրդավարությունը:

Նշենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանում է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով։